Առաջին անգամ Հայաստանը միացել է «SanremoJunior» հռչակավոր մրցույթին. ընտրվել են երկու մասնակիցներ
Առաջին անգամ Հայաստանը միացել է «SanremoJunior» հռչակավոր մրցույթին մասնակցող երկրների շարքին, այդ առիթով մեզ հնարավորություն է ընձեռվել անցկացնելու պատանեկան «Սան Ռեմո» երգի միջազգային 9-րդ մրցույթի հայաստանյան ընտրությունները:
«SanremoJunior» մրցույթն անցկացվում է 2010 թվականից, Իտալիայի գեղատեսիլ քաղաքում՝ հանրահայտ Արիստոն համերգասրահում՝ բարձրակարգ նվագախմբի կենդանի նվագակցությամբ: Այս տարիների ընթացքում մրցույթի ընտրական փուլի անցկացման իրավունքը գնել են աշխարհի մի շարք պետություններ: Այս տարի այդ բացառիկ հնարավորությունն ընձեռվեց Հայաստանին` շնորհիվ Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի հիմնադիր, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, դոկտոր-պրոֆեսոր Կարինե Ավդալյանի հետևողական գործունեության:
Հայաստանյան ընտրական փուլի հանձնաժողովում ընդգրկված են արհեստավարժ մասնագետներ՝
ՀՀ վաստակավոր արտիստուհի Զարուհի Բաբայանը,
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոդյուսեր Նաիրա Գյուրջինյանը,Երևանի Բուդաղյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն, երգահան Սուսաննա Բարսեղյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, Երևանի Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Էդգար Գյանջումյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանը, Ճանաչված երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր, վերադաշնակող Կարեն Մարգարյանը, Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի երաժշտության տեսության ամբիոնի վարիչ, դոցենտ Ռիտա Աղայանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի ժուռնալիստների միության վարչության անդամ Զառա Արամյանը:
Հանձնաժողովը ղեկավարում է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարինե Ավդալյանը:
«SanremoJunior» երգի միջազգային 9-րդ մրցույթի հայաստանյան եզրափակիչ փուլը, որի արդյունքում ընտրվեցին Հայաստանի մասնակիցները Սան Ռեմոյում, տեղի ունեցավ մարտի 14-ին, Երևանի Ա.Բաբաջանյանի անվան համերգասրահում, որին մասնակցեցին մարտի 6-ին և 7-ին Գյումրիում և Երևանում կիսաեզրափակիչ փուլերին մասնակցած լավագույն կատարողները:
Լսումներից հետո ժյուրին աննախադեպ որոշում կայացրեց, հավասար՝ առավելագույն միավորներ վաստակած երկու մասնակիցներ կներկայացնեն Հայաստանն աշխարհահռչակ միջազգային մրցույթում:
Հաղթող են ճանաչվել Դիլիջանի արվեստի պետական քոլեջին կից երաժշտական դպրոցի սան Համլետ Բադալյանը (դասատու՝ Վարազդատ Հովհաննիսյան, տնօրեն՝ Հասմիկ Մկրտումյան) և Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոցի սան Գոռ Հարությունյանը (դասատու՝ Ռուզան Մատինյան, տնօրեն՝ Աիդա Սարգսյան):
Մասնակիցները Հայաստանի դրոշի ներքո ելույթ են ունենալու Իտալիայի Սան Ռեմո քաղաքում, ապրիլի 19-ին:
ԱՍՏՂԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ