«Ինչ-որ պահի ամեն ինչ էլ կարող է լինել, բայց «եթե»-ներով չենք խոսում». Էդմոն Մարուքյանը` դաշինքի պառակտման մասին
«Ելք» դաշինքի անդամ երեք ուժերն էլ գտնում են, որ անթույլատրելի է, որ Սերժ Սարգսյանը երրորդ ժամկետում ղեկավարի, բայց թե ինչպես պայքարել, դրա վերաբերյալ կոնսենսուս չկա: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելքի» անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը:
«Դաշինքը շարունակելու է գործել իր հուշագրի շրջանակներում այնպես, ինչպես գործել է մինչ օրս: Բայց կոնկրետ այս հարցի վերաբերյալ, քանի որ կան տարբեր մոտեցումներ, մեկս մյուսին չենք կաշկանդում, որ, եթե կա առանձին իրականացնելու ծրագիր, դա իրականացվի և, բնականաբար, չխանգարենք մեկս մյուսին»,- ասաց Մարուքյանը:
Ըստ նրա` երեք ուժերի օրակարգում էլ կա փողոցային պայքարի կոմպոնենտ, այսինքն՝ երեք ուժերն էլ նախատեսում էին փողոցային պայքար, բայց տակտիկական տարբեր գործողությունների տարբերություններ կան, նաև ձևակերպումների ու տեքստերի տարբերություններ կան, որոնք ընդհանուր հայատարարի գալու հնարավորություն չտվեցին:
Մարուքյանը նշեց, որ ինքն իրավասու չէ հրապարակել որևէ ուժի ճանապարհային քարտեզ: Նա չբացառեց, որ մի օր կարող է երեք ուժերն էլ միավորվեն հրապարակում. «Ամեն ինչ հնարավոր է, քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում, քննարկումները շարունակվում են, բայց որոշել ենք, որ մեկս մյուսին չենք կաշկանդում, և, եթե կա որևէ ծրագիր, ազատ են իրականացնել»:
Հարցին` այս գործընթացները կարո՞ղ են հանգեցնել դաշինքի պառակտման, Է.Մարուքյանը պատասխանեց. «Այս պահին չեն բերել, և հուսով եմ, որ չեն էլ բերի: Ինչ-որ պահի ամեն ինչ էլ կարող է լինել, բայց «եթե»-ներով չենք խոսում»: