
Եվգենի Պետրոսյանը և Միխայիլ Գալուստյանը հանդիպել են առաջին անգամ. առիթը Պուտինի վերընտրվելն էր

Ռուսաստանում միլիոնավոր հանդիսատեսների սերն ու համակրանքը վայելող երկու հայ երգիծաբաններ՝ Եվգենի Պետրոսյանը և Միխայիլ Գալուստյանն առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպել են ՌԴ նախագահական ընտրությունների շրջանակում: Այս մասին Instagram-ի իր էջում գրառում է կատարել և նկար հրապարակել Պետրոսյանը:
«Մենք առաջին անգամ հանդիպել ենք: Եվ ի՞նչ. պարզվում է՝ սովորական մարդիկ ենք»,- գրել է հումորիստը:
Պետրոսյանի և Գալուստյանի հանդիպումը տեղի է ունեցել ՌԴ նախագահական ընտրություններից հետո՝ ձայների հաշվարկի ժամանակ: Նրանք երկուսն էլ վերընտրված նախագահ Վլադիմիր Պուտինի վստահված անձինք էին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաղթել է մարտի 18-ի ընտրություններում՝ հավաքելով ձայների մոտ 77 տոկոսը: ՌԴ կոմկուսից թեկնածու Պավել Գրուդինինը երկրորդ տեղն է զբաղեցնում 11,80 տոկոս ձայներով, երրորդ տեղում Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին է՝ 5,66 տոկոս ձայներով: