«Մեղվաբուծությանը զգալի վնաս են հասցնում բջջային օպերատորների կայանները, որի արձակած ալիքների արդյունքում մեղուները կորցնում են իրենց կողմնորոշումը». Սերգեյ Դանիելյան
Մեղվաբույծների ազգային միության նախագահ Արմեն Նազարյանը և մեղվաբույծ, դերասան Սերգեյ Դանիելյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում խոսեցին Հայաստանում մեղվաբուծության վիճակի և խնդիրների մասին, անդրադարձան նաև բժշկության մեջ մեղրամթերքի արտադրության և օգտակարության թեմային:
Մեղվաբույծների ազգային միության նախագահ Արմեն Նազարյանը նկատեց, որ լաբորատոր թվերով վերցրած բազմածաղկային մեղրի որակը (դիասթազային թիվը 30-40-ի հասնող) Հայաստանում ավելի բարձր է, քան հարևան երկրներում, եթե, իհարկե, քիմիա պարունակող նյութերը մեղվաբուծության մեջ քիչ օգտագործվեն. «Քանի որ մեր մեղվաբուծության մեջ այդ գրագիտությանը քչերն են տիրապետում, ինչ դեղ գտնում են, տալիս են մեղուներին: Սա միանշանակ տալիս է իր բացասական արդյունքը: Երևի Հայաստանը միակ երկիրն է, որտեղ դենդրոֆլորան հիմնականում բուժիչ դեղաբույսերն են, որոնք էլ հիմք են հանդիսանում մեղվահումքի համար»:
Դերասան Սերգեյ Դանիելյանը, ով վերջին տարիներին զբաղվում է նաև մեղվապահությամբ, խորհուրդ է տալիս խուսափել քիմիական ծագում ունեցող բուժանյութերի օգտագործումից, իսկ բոլոր նրանց, ովքեր ապահովում են դրանց պետպատվերով ձևակերպումն ու տրամադրումը՝ հորդորում՝ նախևառաջ զրուցել մեղվապահի հետ:
Դիտարկմանը, թե ծանր մետաղների հետ կապված փորձաքննությունը ցույց է տալիս, որ հայաստանյան մեղրը պարունակում է անթույլատրելի քանակությամբ մետաղներ, որի արդյունքում տեղական մեղրը եվրոպական շուկաներում դառնում է անմրցունակ, Մեղվաբույծների ազգային միության նախագահ Արմեն Նազարյանն արձագանքեց. «Տեղական մեղրի՝ եվրոպական երկրներում իրականացված փորձաքննության տվյալները հակասական և տարբեր արդյունքներ են գրանցել, և դա՝ այն պայմաններում, երբ փորձաքննության համար այնտեղ է ուղարկվել բացառապես մեկ նմուշի մեղր: Հետևաբար՝ ես հակված եմ այստեղ միտում նկատել և դրա պատճառը մեկնաբանում եմ մեղվաբույծից մեղրը ցածր գնով ձեռք բերելու՝ նրանց ցանկությամբ»:
Կարելի՞ է արդյոք օրինաչափ համարել այն գինը, որով այսօր տեղական արտադրության մեղրը սպառվում է հայկական շուկայում՝ 3500-4000 դրամի սահմաններում՝ հարցին, Արմեն Նազարյանը պատասխանեց, որ մեղրի գինը Հայաստանում տատանվում է 800-10 000 դրամի սահմաններում, հետևաբար՝ գինը կախված է որակից:
Նրա հավաստմամբ, եթե հայաստանյան մեղվաբույծը փորձի արտադրել մաքուր մեղր, ապա այսօրվա շուկայում եղած գներով վաճառքը դրա ինքնարժեքը կկազմի, իսկ ավելի բարձր գին սահմանելու պարագայում գնորդը պարզապես վճարողունակ չի լինի:
Դերասան Սերգեյ Դանիելյանն էլ կարծում է՝ մեզանում այդ շուկան դեռևս կանոնակարգված չէ.«Սպառողը, ով ձեռք է բերում մեղրը, իրականում չգիտի, թե ինչ որակի մեղր է ինքն օգտագործելու:
Նա պարզապես հավատում է մեղվապահի բարեխիղճ խոսքին: Իմ մեղրը վաճառվում է, օրինակ՝ 1 կգ-ն՝ 5000 դրամով: Շուկա մտնող մեղրը հիմնականում որևէ տեսակի փորձաքննության չի ենթարկվում: Ես, օրինակ, մեր մեղրը, պարզապես իմ հաճույքի կամ սեփական հետաքրքրությունս բավարարելու համար, ամեն տարի ուղարկում եմ փորձաքննության, որովհետև ինքս ուզում եմ իմանալ դրա պատասխանները: Բայց սա, իհարկե, համատարած երևույթ չէ, ինչը շատ վատ է: Լավ է գոնե, որ մեղվապահները Հայաստանում չեն հարկվում, այս առումով նրանց հանգիստ են թողել»:
Անդրադառնալով ոլորտի խնդիրներին՝ Սերգեյ Դանիելյանը նկատեց՝ մեղվաբուծությանը զգալի և անդառնալի վնաս են հասցնում բջջային օպերատորների կողմից ամենուրեք տեղադրված կայանները, որի արձակած ալիքների արդյունքում մեղուները կորցնում են իրենց կողմնորոշումը:
Մեղվաբույծների ազգային միության նախագահ Արմեն Նազարյանն էլ հավելեց. «Մեզ մոտ բերել, տեղադրել են եվրոպական երկրներից ներկրած բջջային օպերատորների հին կայանները, որոնք աշխատում են 300-800 հերց հաճախականությամբ: Սրա արդյունքում Եվրոպայում մեղուների կոտորած էր սկսվել, և նրանց փոխարինեցին հները՝ նորերով, որոնք աշխատում են 800-1200 հերց հաճախականությամբ: Մեզ մոտ սրա արդյունքում ոչ միայն մեղուներին մեծ վնաս հասցվեց, այլ նաև՝ ճնճղուկներին: Եթե նկատել եք՝ սրանից 2-3 տարի առաջ մեզ մոտ ճնճղուկներ պարզապես չկային: Էլ չեմ ասում, որ գիտականորեն ապացուցված փաստ է, որ մեղուների վերացումից ընդամենը 4 տարի անց կվերանա նաև մարդկությունը, որովհետև մեղուները բնության 86 տոկոս փոշոտողներն են, որը և ապահովում է բնության շարունակականությունը»:
Ըստ Արմեն Նազարյանի, չնայած պաշտոնական տվյալների բացակայությանը, մեղվաբուծության ոլորտում Հայաստանն ամեն տարի գրանցում է մեղվափեթակների 30 տոկոս աճ, միաժամանակ՝ նույնքան և ավելի անկում: