
Մարեկ Ռոցկին` ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզայի ռեժիմի ազատականացման մասին

Լեհաստանը սպասում է ՀՀ-ԵՄ համաձայնագրի` Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացմանը, որպեսզի սկսի նաև Սենատում փաստաթղթի վավերացման գործընթացը: Այս մասին այսօր ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Լեհաստանի Սենատի Արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հետ կապերի կոմիտեի նախագահ Մարեկ Ռոցկին:
Ըստ նրա` Երևանում այսօր կայացած ՀՀ ԱԺ և Լեհաստանի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Լեհաստանը կփորձի հնարավորինս արագ ընթացակարգով վավերացնել, և կմիջնորդի, որ վավերացման գործընթացն արագ իրականացվի Վիշեգրադյան երկրներում. «Հուսադրողն այն է, որ սկսվի այդ գործողությունը փոքրիկ քայլերով»:
ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզայի ռեժիմի ազատականացման վերաբերյալ Մ. Ռոցկին նշեց, որ ժամկետներ հստակ չի կարող նշել, բայց իրենք պարտավորվել են, որ սկսեն քննարկել այդ հարցը և հնարավորինս կարճ ժամկետում կփորձեն ՀՀ քաղաքացիների մուտքը ԵՄ տարածք ապահովել առանց վիզայի ռեժիմի. «Դա մեր քննարկումների առաջնահերթությունն է եղել»:
ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նշեց, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հատվածաբար` ՀՀ-ի կողմից այն վավերացնելու դեպքում. «Ապրիլին այդ համաձայնագիրը ՀՀ խորհրդարանը վավերացնելու է, ըստ ամենայնի` ապրիլի առաջին քառօրյայում»: