
«Ամենաուժեղ մրցակիցս հենց այս տղան էր». Նարեկ Աբգարյանն իր 7-րդ հաղթանակի մասին

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Նարեկ Աբգարյանը գոհ է պրոֆեսիոնալ ռինգում 7-րդ հաղթանակից:
«Իմ ունեցած նախորդ 7 մենամարտից ամենաուժեղ մրցակիցս հենց այս տղան էր: Համեմատության կարգով Բեկսուլթան Ռավշանովը որակապես մի քանի գլուխ բարձր էր մյուսներից: Նա 5 հաղթանակ ուներ պրոֆեսիոնալ ռինգում, 5-ն էլ նոկաուտով: Եվ բավականին դժվար է պարտություն չունեցող բռնցքամարտիկին «կոտրել»: Ինձ հաջողվեց գերազանցել նրան հոգեբանորեն»-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Աբգարյանը:
Խոսելով առաջին ռաունդի մասին՝ Աբգարյանը շեշտեց, որ մրցակցի մոտ կարծես ամեն ինչ լավ էր ստացվում: «Բայց հենց առաջին ռաունդից հետո մարզչիս` Դավիթ Թորոսյանի օգնությամբ հասկացա, թե ինչպես է պետք գործել: Ես ավելի արագ էի մտածում, քան հակառակորդս: 2-3-րդ ռաունդներում նրա մոտ հոգնածություն էր զգացվում: Իսկ 4-րդ ռաունդում փորին հարված բաց թողեց և հենց այդտեղ էլ «կոտրվեց»: Գոհ են մարզիչները, պրոումոթերները: Ամեն ինչ լավ ստացվեց»,-ասաց բռնցքամարտիկը:
Մոսկվայում կայացած պրոֆեսիոնալ մենամարտերի երեկոյին Հայաստանի երեք ներկայացուցիչներն էլ հաղթանակներ տարան: Արամ Ավագյանը հաղթեց Բուրգուտ Հաջիբոևին, Նարեկ Աբգարյանը` Բեկսուլթան Ռավշանովին, իսկ Գոռ Երիցյանը` Վրաստանը ներկայացնող Միքայել Ավագյանին: Երեք բռնցքամարտիկներն էլ պարտություն չեն կրել պրոֆեսիոնալ ռինգում: