Վաշինգտոնում դժգոհ են Մոսկվայի պահվածքից

Միացյալ Նահանգները հայտարարեց Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ընդունման մասին Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հայտարարությունից մեկ օր անց: Լոնդոնը որոշել էր 23 ռուս դիվանագետների վտարել, այստեղ թունավոր նյութով հարձակում իրականացվելու պատճառով։ Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Մեծ Բրիտանիայի որոշմումն աջակցեցին նաեւ Ֆրանսիան, Գերմանիան եւ Միացյալ Նահանգները:

«Ես խոսել եմ վարչապետ Մեյի հետ: Տխուր իրավիճակ է: Ինչպես երեւում է, դրա հետեւում ռուսներն են՝ մի բան, որ այլեւս երբեք չպետք է տեղի ունենա: Մենք դրան շատ լուրջ ենք վերաբերվում», – ասել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

ԱՄՆ-ի պատժամիջոցներն ուղղված են 2016 թվականի ընտրությունների ընթացքում Միացյալ Նահանգների նկատմամբ կիբերհարձակման մեջ մեղադրվող Ռուսաստանի կառավարությանն ու հետախուզությանը մոտ կանգնած անձանց եւ Պետերբուրգում գործող թրոլերի ֆաբրիկայի աշխատակիցների դեմ:

Ատլանտյան խորհրդի վերլուծաբան Բրայան Օթոլի խոսքով սակայն, նոր պատժամիջոցները բավականին մեղմ են.

«Կարող էին ընդունել պատժամիջոցներ, որոնք ավելի կոշտ կհարվածեին Պուտինի մերձավոր իշխանավորներին, լույս կսփռեին նրանց գումարների վրա»:

Սպիտակ տունն իր կողմից նշում է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները կապված կլինեն Մոսկվայի պահվածքից:

«Նրանք պետք է որոշեն, թե արդյոք ցանկանում են հանդիսանալ դրական թե՝ բացասական գործոն: Կարծում եմ տեսնում եք, որ մենք Ռուսաստանի հետ կոշտ ենք վարվելու, քանի դեռ նրանք չեն որոշել փոխել սեփական պահվածքը», – ասել է Սպիտակ տան մամլո խոսնակ Սարա Սանդերսը:

Մոսկվան իր կողմից հայտարարել է, որ ընդհակառակը, Բրիտանիայի գործողությունների դեմ համարժեք է գործելու:

Տեսանյութեր

Լրահոս