
ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել սիրիական Աֆրինում Թուրքիայի գործողությունների վերաբերյալ

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը մտահոգություն է հայտնել սիրիական Աֆրինում Թուրքիայի կողմից քրդերի դեմ իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության հետևանքով գրանցված քաղաքացիական զոհերի վերաբերյալ:
Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:
«Աֆրինից օդային և ցամաքային հարվածների հետևանքով գրանցված քաղաքացիական զոհերի և վիրավորների վերաբերյալ չափազանց անհանգստացնող լուրեր ենք ստանում»,-նշել է ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ռավինա Շամդասանը:
«Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում Շամդասանը խիստ մտահոգություն է հայտնել նաև Աֆրինում թուրքական ռազմաօդային ուժերի կողմից հիվանդանոցի ուղղությամբ հարվածներ հասցնելու դեպքի վերաբերյալ:
«Աֆրինից հեռանալ ցանկացող քաղաքացիներին պետք է թույլ տրվի հեռանալ, իսկ մնալ ցանկացողներին էլ պետք է պաշտպանել: Տարբեր աղբյուրների փոխանցմամբ` Թուրքական ուժերի վերահսկողության հետևանքով Աֆրինում խմելու ջրի լուրջ խնդիր էլ է առաջացել»,- նշել է Շամդասանը:
Թուրքիայի ռազմաօդային ուժերը սիրիական Աֆրինում հարվածներ են հասցրել հիվանդանոցի ուղղությամբ:
Հիվանդանոցի աշխատակիցը գործակալությանը հայտնել է, որ հիվանդանոցն ավիահարվածների հետևանքով նյութական լուրջ վնասներ է կրել:
Աղբյուրը նշել է, որ թուրքական օդուժի հարվածների հետևանքները խոչընդոտում են հիվանդանոցի աշխատակիցներին օգնություն ցուցաբերել վիրավոր խաղաղ բնակիչներին: