«Ճշմարտությունը պայթելու է». Արթուր Վարդանյան
Մարաշի զինված խմբի գործով այսօրվա դատական նիստում սկսվեց գործում և անջատված գործերում ներգրավված մեղադրյալների միջև հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման ձայնագրությունների հետազոտումը: Գործին կցված լազերային սկավառակների 18 փաթեթից, որոնք կնքված էին գործը քննած ԱԱԾ-ի կնիքով, սկսվեց Արթուր Վարդանյանի՝ այլ անձանց հետ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման ձայնագրությունները, դրանք կազմում են երեք լազերային սկավառակ:
Մասնավորապես, հրապարակվեցին Արթուր Վարդանյանի՝ ապօրինի կերպով զենք-ռազմամթերք ձեռք բերելու, իրացնելու վերաբերյալ գործով արդեն իսկ դատապարտված Հակոբ Հակոբյանի հետ մի քանի հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները:
Պաշտպան Գիվի Հովհաննիսյանը մեղադրողներից պահանջեց, որպեսզի ապացույցը ներկայացնելիս նաև նշեն, թե ապացույցով ինչն է ապացուցվում: Իսկ ամբաստանյալներից մեկն արձագանքեց՝ տեսա՞ք ինչ կա, բան էլ չկա:
Հրապարակման ընթացքում ամբաստանյալ Արթուր Վարդանյանը դժգոհություն հայտնեց՝ հայտարարելով՝ որտե՞ղ է ձայնագրության սղագրությունն, այստեղ, այսինքն՝ գործում չկա: Մեղադրողը հայտարարեց, որ ապացույցը լազերային սկավառակն է, ոչ թե գաղտնալսումների տեղեկագրերը: Ըստ նրա, կան խոսակցություններ, որոնց տպագրված տարբերակը չկա:
Արթուր Վարդանյանն իր դժգոհություններն ավարտեց արտահայտությամբ՝ պայթելու է, ի՞նչը դատավորի հարցին հնչեց ամբաստանյալի բլից պատասխանը՝ ճշմարտությունը:
Դժգոհություններին ի պատասխան մեղադրողը հայտարարեց, որ եթե պաշտպանական կողմը պատրաստված լիներ, ապա ծանոթ կլիներ հրապարակվող ձայնագրություններին:
Ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանի պաշտպան Նարինե Ռշտունին հայտարարեց, որ իրեն չեն տրամադրվել լազերային սկավառակները, ուստի պահանջեց տրամադրել դրանք, որպեսզի ինքը կարողանա ծանոթանալ դրանց ու պատրաստ լինել դրանց հետազոտմանը:
Գործով ամբաստանյալ, ՀՀ նախկին փոխվարչապետ և Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն իր հերթին նկատեց, որ կալանքի տակ գտնվող ամբաստանյալներից և ոչ մեկը ծանոթ չէ այդ սկավառակներին:
Դատարանը դատական նիստը հետաձգեց՝ սկավառակները կողմին տրամադրելու համար:
«Փաստինֆո»