
Ադրբեջանական ընդդիմությունը արտահերթ նախագահական ընտրությունների դեմ ուղղված հաջորդ հանրահավաքը նշանակել է մարտի 31-ին

Ադրբեջանի ընդդիմադիր «Ազգային խորհրդի» , ինչպես նաև «Մուսավաթ» և «Ժողովրդական ճակատ» կուսակցությունների նախաձեռնությամբ ապրիլի 11-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների դեմ ուղղված հաջորդ հանրահավաքը նշանակվել է մարտի 31-ին:
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Գործակալության փոխանցմամբ` հանրահավաքն անցկացվելու է «Ազա՛տ ընտրություններ», «Ո՛չ կոռուպցիային», «Ո՛չ միապետությանը», «Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին» կարգախոսների ներքո:
Ադրբեջանի «Ազգային խորհրդի» նախագահ Ջամիլ Հասանլիի փոխանցմամբ` կազմակերպիչները հանրահավաքի անցկացման վերաբերյալ ծանուցում են ուղարկել Բաքվի քաղաքապետարան:
«Դիմումը ստորագրվել է Ադրբեջանի «Ազգային խորհրդի», «Մուսավաթ» և «Ժողովրդական ճակատ» կուսակցությունների կողմից»,- նշել է նա:
Ադրբեջանական ընդդիմադիր ուժերի առաջին համատեղ նախընտրական հանրահավաքը տեղի է ունեցել 2018թ. մարտի 10-ին:
Ադրբեջանի ընդդիմադիր «Ազգային խորհուրդը» ապրիլի 11-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին ընդառաջ փորձում է միավորել երկրում որոշակի կենսունակություն ցուցաբերող ընդդիմադիր ուժերին և համազգային հանրահավաքներ կազմակերպել: «Ազգային խորհրդի» նախագահ Ջամիլ Հասանլին նախաձեռնությանը միանալու կոչով մարտի 1-ին դիմել էր մյուս ընդդիմադիր ուժերին:
2013 թվականին ստեղծված Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի կազմում ընդգրկված են «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը, մեծ թվով ժողովրդավարական հասարակական եւ քաղաքացիական ակտիվիստներ: