
Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ

Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Լորի Բրիստոուն կանչվել է ՌԴ արտգործնախարարություն: Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան նախօրեին հայտարարել էր, որ պաշտոնական Լոնդոնի գործողությունների առնչությամբ պաշտոնական Մոսկվան հստակ որոշումներ է կայացրել, որոնք մոտ ապագայում կներկայացվեն բրիտանական կողմին:
Մարտի 14-ին Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Լոնդոնը որոշել է արտաքսել ռուս 23 դիվանագետների՝ կապված ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման փաստի հետ: Բրիտանական վարչապետի խոսքով` Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, ներգրավված է այդ միջադեպում:
Մոսկվան մերժում է իր դեմ ներկայացված մեղադրանքները եւ պնդում, որ բրիտանական կողմը դրանք հավաստող որեւէ ապացույց չի ներկայացրել:
«Ռուսաստան 24» հեռուստաալիքը հաղորդել է, որ ռուս 23 դիվանագետներ Մեծ Բրիտանիան կլքեն մարտի 20-ին: