Ճարտարապետները պալատի նախագահ են ընտրում
Այս պահին Հայաստանի ճարտարապետների միությունում տեղի է ունենում միության 19-րդ համագումարը: Համագումարին ներկա են միության ղեկավար Մկրտիչ Մինասյանը, փոխքաղաքապետ Կամո Արեյանը, Հայաստան Շինարարների միության նախագահը, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, միության անդամներ, ոլորտի ներկայացուցիչները։ Միության 244 անդամներից համագումարին ներկա են 196-ը։ ճարտարապետների միության նախագահ Մ. Մինասյանն իր ողջույնի խոսքում նշեց.
«Ուզում եմ ոգևորիչ բան ասել՝ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք։ Ճարտարապետների միությունը վերափոխվել է Ճարտարապետների պալատի՝ ընդլայնված գործիքակազմով։ Սա արվեց այն պատճառով, որպեսզի այսուհետ հենց պալատը տա համապատասխան լիցենզիաներ, որովհետև նա ամենից լավ գիտի իր ճարտարապետին։ Այս փոփոխությունը կատարվեց նաև այն պատճառով, որպեսզի մենք կարողանանք պաշտպանել մեր ճարտարապետներին այսօրվա բազմազան պատվիրատուներից, որը խոցելի էր դարձնում մեր ճարտարապետին։
Իհարկե, մինչ այս մենք նաև սխալներ ենք թույլ տվել, բայց պետք է իմանանք, որ մենք այն երկիրն ենք, որն ունի ուրույն և դասական ճարտարապետություն և սա ոչ մի պարագայում չենք կարող կորցնել։ Նոր ստեղծվող Ճարտարապետների պալատը մեր սերունդը չէ, որ վայելելու է, այլ երիտասարդները և սա ստեղծվում է հենց նրանց ժառանգելու համար՝ մաղթելով նրանց ամուր կամք և մեծ ուժ՝ պահելու և զարգացնելու մեր ճարտարապետությունը»։
Համագումարին ներկա փոխքաղաքապետ Կամո Արեյանն էլ, անդրադառնալով նոր ստեղծվող Ճարտարապետների պալատին, ողջույնի խոսքում կեսկատակ նկատեց՝ դուք էլ դարձաք պալատականներ.
«Նախ՝ ճարտարապետություն, հետո՝ կոնստրուկտոր և շինարար։ Սա է Հայաստանի ձեռագիրը։ Որպես գործընկեր վստահեցնում եմ, որ քաղաքապետարանը կշարունակի իր համագործակցությունը՝ ապագա ճարտարապետների պալատի հետ։ Մենք պետք է ողջամտորեն ընդունենք նոր կյանքի մարտահրավերները, որոնք շատ են և մենք պետք է պատրաստ լինենք՝ միասնաբար ամուր պահելով մեր ունեցած դասական ճարտարապետությունը»։
Համագումարին ներկա Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն էլ միության 19-րդ համագումարը համարում է պատմական նրանով, որ միությունը վերակազմավերպվում է որպես մասնագիտական միավորում՝ Ճարտարապետների պալատ»
Տեղեկացնենք, որ այսօր հրավիրված համագումարի ընթացքում նախատեսվում է ընտրել արդեն նախկին Ճարտարապետների միության փոխարեն նոր կազմավորված Ճարտարապետների պալատ ինքնակառավարվող միավորման նոր նախագահին։