Գագիկ Հարությունյանը բացում է Ռոբերտ Քոչարյանի նախագահության արխիվը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ՍԴ նախկին նախագահ, ներկայումս բարձրագույն դատական խորհրդի անդամ Գագիկ Հարությունյանը, որը նշում է իր 70-ամյակը, այդ առիթով ԳԱԱ միջոցառումից հետո խոսելով լրագրողների հետ, արել է անակնկալ եւ նույնիսկ սենսացիոն հայտարարություններ:
Հարությունյանը կիսաբաց է արել իշխանության «արխիվը», ասելով, որ Հոկտեմբերի 27-ից Մարտի 1-ի արանքում իշխանությունը մեկ անգամ էլ եղել է կրիտիկական իրավիճակում եւ հանրության հանդեպ զենք կիրառելու շեմին, եւ զոհերից հաջողվել է խուսափել միայն իր կամքի եւ ինչ-որ մեկի շնորհիվ, որը «շինելի» գրպանից հանել է Սահմանադրությունը եւ մատնացույց արել լուծումները:
Հարությունյանի խոսքով՝ դա եղել է կրիտիկական գիշեր, երբ իշխանությունը հավաքվել է թեժ քննարկումների, թե ինչպես հանգուցալուծել իրավիճակը, շատերն արդեն վերցրել են զենքը կիրառելու համար, սակայն ինքը հայտարարել է, որ եթե լինելու է զոհ, ապա առաջին զոհը կլինի հենց ինքը: Հետո, ինչ-որ մեկը «շինելի» գրպանից հանել է Սահմանադրությունն ու գտել են առանց զոհերի հանգուցալուծման ելքը:
Թե Հայաստանի իշխանության պատմական ո՞ր ժամանակահատվածի, այսինքն՝ 1999-ից 2008-ն ընկած միջակայքում ո՞ր հատվածի, ո՞ր օրվա եւ իրադարձության մասին է խոսքը, Գագիկ Հարությունյանը չի բարձրաձայնել, փաստորեն թողնելով ենթադրությունների եւ գուշակությունների բավական լայն տեղ, թերեւս հստակ իմանալով, որ դրանք լինելու են եւ լինելու են բավականին առատորեն: Մեծ հավանականություն կա, որ Գագիկ Հարությունյանը խոսել է 2003 թվականի նախագահի ընտրության հետընտրական իրավիճակից, որն առավել քան լարված էր:
Իհարկե լարվածության այլ պահեր էլ եղել են, սակայն թերեւս հենց այդ ժամանակահատվածում էր, որ իշխանությունը կանգնած էր հանրության կրիտիկական ալիքի խնդիր լուծելու անհրաժեշտության առաջ: Եվ այդ ժամանակ էր, որ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ընտրության արդյունքը ճանաչելով հանդերձ, հայտարարեց նաեւ «վստահության հանրաքվե» անցկացնելու տարբերակի մասին՝ ընտրություններից մեկ տարի անց:
Այսպես թե այնպես, խնդիրը տվյալ պարագայում թե կոնկրետ դեպքի, իրավիճակի, դրա վերաբերյալ ենթադրությունների կամ գուշակությունների ճշգրտությունը չէ, այլ այն, որ ՍԴ նախկին նախագահը կիսաբաց է անում արխիվը կամ ավելի շուտ՝ ներիշխանական «պանդորայի արկղը»:
Ավելորդ է ասել, թե ինչքան հատկանշական է հենց ներկայիս փուլում այդ արկղը բացելու հանգամանքը: Գագիկ Հարությունյանը հանրության համար չի բացահայտում իհարկե այլ մանրամասներ, անուններ, ազգանուններ, բայց իշխանական համակարգում այդ ամենը, թերեւս, տիրապետում է ամենայն մանրամասնությամբ:
Եվ այստեղ հրապարակային կամ հանրային այլ մանրամասները, երեւի թե, կախված կլինեն այն բանից, թե իշխող համակարգում տարբեր թեւերն ինչպես կընկալեն Հարությունյանի բացահայտած մեսիջները: Այսինքն՝ «պանդորայի արկղը» ավելի կբացվի՞, թե՞ հակառակը՝ կփակվի: Հավանական է, որ առնվազն մինչեւ նոր կառավարության կազմավորում «արկղը» կմնա բաց, որպես իրավիճակի կառավարման հավելյալ լծակ: Երեւի թե ավելորդ է ասել, որ Գագիկ Հարությունյանը տվյալ դեպքում խաղում է այն գույնով, ինչ գույնով խաղում է Սերժ Սարգսյանը:
Բանն այն է, որ Հարությունյանը բացում է Ռոբերտ Քոչարյանի նախագահության արխիվը եւ առավել ուշագրավ է, որ դա տեղի է ունենում այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը արձագանքել էր իրենց հարցաքննելու վերաբերյալ գլխավոր դատախազությանը Նիկոլ Փաշինյանի միջնորդությանը:
Քոչարյանի պատասխանը, խոշոր հաշվով, առերեւույթ ուղղված լինելով Փաշինյանին, տողատակում պարունակում էր նրա քայլերի հետեւում Սերժ Սարգսյանի մասին ակնարկներ, մասնավորապես Մարտի 1-ի թեմայով ԱԺ լսումների եւ ԱԺ նախագահի աթոռին Փաշինյանի նստած լինելու մասով:
Ըստ երեւույթին, Սերժ Սարգսյանը պատասխանում է Գագիկ Հարությունյանի միջոցով, նրան հիշեցնելով իրադարձություններ, որոնք կարող են ունենալ բավականին տհաճ նստվածք: Հարությունյանը հազիվ թե միամիտ լինի այնքան, չպատկերացնելու համար այն ռեզոնանսը եւ հնարավոր սլաքները, որ առաջանալու են իր հայտարարություններից հետո: Դժվար է հավատալ, որ այդ ամենը չպատկերացնող մարդուն կարող էին երկու տասնամյակից ավելի վստահել կարեւորագույն կնիքներից եւ ստորագրություններից մեկը:
Այստեղ իհարկե առավել հետաքրքիր է այն, թե արդյո՞ք ներկայիս այս փոխադարձ ակնարկները պայմանավորված են զուտ Մարտի 1-ի հետ կապված ապահովագրումներով, թե՞ սեղանին դրված է համակարգային առավել խոր խնդիր, եւ այդ իսկ պատճառով խաղադրույքները նվազելու փոխարեն, համենայնդեպս, առայժմ դրսեւորում են աճման միտումներ, քանի որ Մարտի 1-ն այդ առումով, փաստորեն, «քիչ եկավ» հարաբերությունները պարզելու կոնտեքստում, եւ այժմ բացվում են պատմության նոր էջեր»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: