«Կյանքում ինձնից որևէ մեկը հայհոյանք չի լսել, այդ օրն այնտեղ լսեցին…». Գագիկ Հարությունյան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ում ղեկավարած կառույցն իր որոշումներով այս տարիներին լեգիտիմացրել է Հայաստանում ընտրակեղծիքներով անցկացված համապետական ընտրությունները, երեկ անդրադարձել է 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին, ընդ որում, սրտառուչ կերպով:
«Զգում էի` իրավիճակն այդպիսին էր, ավտոմատները պատրաստ էին, կամուֆլյաժները հագած` մարդիկ գնում էին որոշակի գործողությունների, որոնք կարող էին ունենալ շատ ավելի մեծ հետևանքներ: Քննարկումների սկզբունքն այս էր` մեկ կաթիլ արյունն էլ չի կարող արդարացնել ցանկացած նպատակ, վերջում երբ տեսա՝ կոնֆլիկտը չենք հաղթահարում, ես բավականին զայրացա, կյանքում ինձնից որևէ մեկը հայհոյանք չի լսել, այդ օրն այնտեղ լսեցին. ասացի՝ առաջին զոհը ես պիտի լինեմ, եթե դուք գնում եք էդ ճանապարհով»,- մարտի 1-ի օրվա մասին պատմել է նա:
Միայն թե այսօր սրտաճմլիկ խոսքեր է ասում մի անձնավորություն, որը ժամանակին ոչ միայն ճանաչել է 2008թ. այլանդակ ընտրակեղծիքներով անցկացված ընտրությունների արդյունքները (ընդ որում, համառ պնդումներ կան, որ և՛ ինքը, և՛ ՍԴ մյուս անդամներն այդ քայլին գնացել են Բաղրամյան 26-ի ճնշման տակ), այլև մասնակից է եղել հակասահմանադրական գործընթացի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: