Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը պահանջում է հրաժարվել Իսրայելի ճանաչումից
Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը պահանջում է հրաժարվել պաղեստինյան պետության կողմից Իսրայելի ճանաչումից եւ նրա հետ տնտեսական համագործակցությունից: Այդ մասին հայտնել է Պաղեստինի ազատագրման դեմոկրատական ճակատի գլխավոր քարտուղար Նայիֆ Հավաթմեն:
«Մենք որոշում ենք ընդունել ձեռնարկել մի շարք միջոցներ, այդ թվում՝ հրաժարվել Իսրայելի ճանաչումից: Մենք դա անում ենք ի պատասխան այն բանի, որ Իսրայելը հրաժարվում է ճանաչել պաղեստինյան պետությունը, մինչդեռ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը ճանաչում է պաղեստինյան պետության ստեղծման իրավունքը՝ Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով:
Մենք նաեւ առաջարկել ենք հրաժարվել Փարիզի տնտեսական արձանագրությունից, Իսրայելի հետ դադարեցնել համագործակցությունը տնտեսության բնագավառում»,-հայտարարել է Հավաթմեն Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում: Նա ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ Իսրայելի 2019 թվականի բյուջեի նախագիծը կազմում է 141 մլրդ դոլար այն դեպքում, երբ Պաղեստինի բյուջեն՝ 6 մլրդ դոլար:
«Մեր ժողովուրդն ավելի քան 2 մլրդ դոլար է վճարում հարկերի տեսքով, մենք նաեւ այն ապրանքների զգալի մաքսատուրքեր ենք վճարում, որոնք Իսրայելի տարածքով Պաղեստին են հասցվում ցամաքային եւ օդային ճանապարհներով: Նաեւ Իսրայելը 2 մլրդ դոլար է վերցնում այն միջոցներից, որոնք Պաղեստինն ստանում է որպես օգնություն»,- նշել է Հավաթմեն: Պաղեստինի ազատագրման դեմոկրատական ճակատը մտնում է Պաղեստինի ազատագրման կազմակերպության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: