Ուզբեկստանում օրենք են պատրաստում հարսանիքների և հուղարկավորման ծեսերի մասնակիցների թվի մասին
Ուզբեկստանի խորհրդարանի Սենատը որոշման նախագիծ է պատրաստել հարսանիքների, ընտանեկան հանդիսությունների, հիշատակման ծեսերի եւ այլ միջոցառումների անցկացումը կանոնակարգելու վերաբերյալ:
Այդ մասին հայտնել է «Sputnik Ուզբեկստանը»: Փաստաթուղթը հրապարակվել է նորմատիվային-իրավական ակտերի պորտալում՝ հասարակական քննարկման համար: Որոշման նախագծում նշվում է, որ հարսանիքները, հիշատակման ծեսերը եւ մյուս ընտանեկան հանդիսությունները Ուզբեկստանի ժողովրդի ավանդույթների անքակտելի մասն են: Սակայն վերջին տարիներին նման միջոցառումներն անցկացվում են շատ շքեղ եւ շռայլորեն, ինչը բացասաբար է ազդում ոչ միայն ընտանիքների ֆինանսական վիճակի, այլեւ մարդկանց ամբողջ կենսակերպի վրա: Այսպես, օրինակ, երիտասարդ զույգերը հաճախ են բաժանվում հարսանեկան երեկույթների վճարման հետ կապված կոնֆլիկտների պատճառով:
Փաստաթղթի հեղինակներն առաջարկում են սահմանափակել ընտանեկան միջոցառումների տեւողությունը եւ հյուրերի թվաքանակը: Հարսանիքները եւ մյուս հանդիսությունները պետք է անցկացվեն ժամը 10:00-ից մինչեւ 23:00-ն: Ընդ որում՝ փլավը կարելի է մատուցել ժամը 12:00-ից մինչեւ 15:00-ն:
Հարսանիքներին եւ մյուս հանդիսություններին հյուրերի թվաքանակը չպետք է գերազանցի 150-ը, փլավի համար՝ 200-ը: Այդ սահմանափակումները սգո արարողություններին (բացառությամբ փլավի) չեն վերաբերում: Հասարակական անվտանգությունն ապահովելու համար փաստաթուղթն ամուսնության գրանցման արարողությունների եւ հարսանեկան սրահներ ժամանելու համար նախատեսում է երկուսից ոչ ավելի ավտոմեքենաների օգտագործումը: Ընդ որում՝ վճարովի փոխադրամիջոցների ծառայություններ կկարողանան մատուցել միայն լիցենզավորված փոխադրողները, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: