«Արդեն իրավիճակն այնպիսին էր, որ նրանք կամուֆլյաժները հագել էին, ավտոմատները պատրաստել էին…». Գագիկ Հարությունյանը՝ Հոկտեմբերի 27-ից հետո կատարված դեպքերի մասին

ՍԴ նախկին նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում իր 70-ամյակի առիթով կազմակերպված միջոցառմանը լրագրողների հետ զրույցում պատմեց մի դեպքի մասին, երբ կանխվել է հնարավոր ողբերգական ելքով միջադեպ:

Նրա խոսքով՝ եղել են իրավիճակներ, երբ կարող էին ողբերգական հետևանքներ լինել, եթե ինքը չմիջամտեր: Գագիկ Հարությունյանը պատմեց, որ 1999թ. հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձություններից հետո մի օր գիշերը, ժամը 02:30-ին իրեն լուր են տվել, որ «պայթյուն» է սպասվում, լարվածությունը հասել է գագաթնակետին:

«Ես գնացի, հավաքեցի մարդկանց, սկսեցինք քննարկումները, որոնք տևեցին մինչև հաջորդ օրվա ժամը 16:00-ն: Որևէ արդյունքի չհասանք: Ես զգում էի, որ արդեն իրավիճակն այնպիսին էր, որ նրանք կամուֆլյաժները հագել էին, ավտոմատները պատրաստել էին ու գնում էին որոշակի գործողությունների, որոնք կարող էին ունենալ շատ ավելի մեծ հետևանքներ: Իմ սկզբունքը հետևյալն էր, որ մեկ կաթիլ արյունն էլ չի կարող արդարացնել ցանկացած նպատակ»,- պատմեց Գագիկ Հարությունյանը:

Նա շարունակեց, որ վերջում, երբ տեսել է, որ չեն կարողանում կոնֆլիկտը հաղթահարել, ինքը զայրացած հայտարարել է, որ պետք է լինի առաջին զոհը, եթե որոշել են գնալ այդ ճանապարհով:

«Այդտեղ կոնֆլիկտի ամենազորեղ կերպարներից մեկը ձեռքը տարավ ծոցագրպանը: Զինվորականը ձեռքը տանում է գրպանը, ի՞նչ կմտածես, թե ինչ կարող է հանել. նա գրպանից հանեց Սահմանադրությունը: Ես ապշած նայում էի: Նա ասաց` «Ի՞նչ է, ձեզ թվում է մենք սա չե՞նք կարդացել»: Նա բացեց Սահմանադրությունը, և մենք տեսանք կարմիրով նշված տողեր: Իմ մարմնով այդ պահին սառը ինչ-որ բան անցավ: Ես ասացի, որ, միգուցե, ես իրենց ճիշտ չեմ բացատրել, կոչ արեցի նստել և շարունակել քննարկումները: Դրանից հետո երկու ժամվա ընթացքում մենք կարողացանք լուծումը գտնել»,- ասաց Գագիկ Հարությունյանը:

Տեսանյութեր

Լրահոս