
Նեապոլում քանդվել է հնադարյան բազիլիկը

Իտալիայի Նեապոլ քաղաքի պատմական կենտրոնում մարտի 16-ի առավոտյան տեղի է ունեցել Սան Պաոլո Մաջորե բազիլիկի եւ դրան հարող նախկին վանքի մասնակի փլուզում: Այդ մասին հայտնել է տեղական հրշեջ ծառայությունը:
Վանքի շենքում ընթանում էին նորոգման աշխատանքներ: Քանդվել են շինարարական փայտամածերը եւ կրոնական կառույցի պատերի մի մասը: Պատահարի վայր են ժամանել հրշեջները եւ ոստիկանությունը: Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, շենքի փլուզումից երեք բանվորներ թեթեւ վնասվածքներ են ստացել:
Հրշեջ ծառայության տվյալներով՝ եւս մեկ բանվորի հանել են փլվածքների տակից եւ հանձնել բժիշկներին: Բազիլիկի շինարարությունը ներկայիս տեսքով ավարտվել է XVIII դարի սկզբին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: