Հունաստանի վճռաբեկ դատարանը մերժեց Թուրքիային հանձնել թուրք ութ զինծառայողներին
Հունաստանի վճռաբեկ դատարանը մերժումով է պատասխանել ութ թուրք զինծառայողներին Թուրքիային հանձնելու երրորդ պահանջին: Այդ մասին հայտնել է Աթենքի նորությունների գործակալությունը:
Զինծառայողներն ուղղաթիռով Հունաստան էին փախել 2016 թվականի հուլիսի 16-ին Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո: Արտահանձնումը մերժելու որոշումն ընդունվել է միաձայն: Դատարանը եկել է այն եզրակացությանը, թե բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ այն անձանց նկատմամբ, որոնց հանձնմանը ձգտում է հասնել Թուրքիան, արդար դատական հետաքննություն չի անցկացվի հայրենիքում եւ, բացի այդ, գոյություն ունի կտտանքների սպառնալիք:
Թուրքական իշխանությունների նոր պահանջագիրը, որտեղ նշվում է ութ հանցագործությունների մասին, ոչ մի նոր բան չի բովանդակում նախորդ հարցումների համեմատությամբ, արձանագրել է դատարանը: Նոր ուղերձում թուրքական իշխանությունները զինվորականներին մեղադրում են Թուրքիայի կառավարությունը տապալելու փորձի, սահմանադրական կարգը տապալելու, Թուրքիայի Ազգային ժողովը տապալելու կամ նրա պարտականությունների կատարմանը խանգարելու փորձի, զինված ահաբեկչական կազմակերպությանը մասնակցելու, մահափորձի, օտարերկրյա պետություն փախչելու, ռազմական տեխնիկայի հափշտակման եւ ռազմական ունեցվածքի վնասման մեջ: Թուրքիան պահանջել էարտահանձնել ութ զինվորականներին՝ նրանց մեղադրելով երկրի նախագահ Թայիփ Էրդողանի նկատմամբ մահափորձ նախապատրաստելու մեջ:
Դատախազը Հունաստանի Գերագույն դատարանի վճռաբեկ խորհրդին առաջարկել է մերժումով պատասխանել Թուրքիայի երրորդ հարցմանը: Դատարանում որպես վկաներ հանդես են եկել Հունաստանի արդարադատության նախարարության նախկին գլխավոր քարտուղար, Մարդու իրավունքների խորհրդի փոխնախագահ Յանիս Իոանիդիսը եւ գրող Ապոստոլոս Դոկսիադիսը: Վկաները հայտնել են Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների,պետական ծառայողների, այդ թվում՝ ավելի քան 4,5 հազար դատավորների բանտարկման ու աշխատանքից ազատելու մասին:
Նրանց խոսքով՝ Արեոպագոսի նախորդ որոշումներից հետո իրադրությունը Թուրքիայում չի փոխվել: Զինծառայողներն իրենք մերժել են մեղադրանքները եւ, ի թիվս այլ բաների, հայտարարել, որ տուժել են Թուրքիայում գտնվող իրենց ընտանիքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: