Ֆրանսիան սպառնում է չեղարկել Եվրամիության հետ Վրաստանի անայցագիր ռեժիմը
Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մենիեն այդ երկրի քաղաքացիներին նախազգուշացրել է Եվրամիության կողմից անայցագիր ռեժիմի հնարավոր կասեցման մասին, եթե շարունակվի ապաստան հայցողների աճի միտումը: Այդ մասին հայտն է «Sputnik Վրաստան»-ը՝ վկայակոչելով Imedi հեռուստաալիքը:
Եվրամիության երկրները վերջին ժամանակներս ավելի ու ավելի հաճախ են դժգոհություն հայտնում Վրաստանից ապաստան հայցողների քանակության աճի կապակցությամբ: Իրենց անհանգստությունն են արդեն հայտնել Գերմանիան, Ֆրանսիան, Շվեդիան եւ Իսլանդիան:
«Աճել Է Ֆրանսիայում ապաստան խնդրող Վրաստանի քաղաքացիների թվաքանակը: Նաեւ նրանք հաճախ են խախտում Ֆրանսիայում գտնվելու ժամկետները: Ցանկանում եմ Վրաստանի քաղաքացիներին հորդորել՝ չհավատալ նրանց, ովքեր նրանց Ֆրանսիայում եւ Գերմանիայում անօրինական կեցություն են առաջարկում երկու տարվա ընթացքում, իսկ դրանից հետո՝ ապաստանի տրամադրում: Նման բան չի լինի, քանի որ Վրաստանն անվտանգ երկիր է»,-ասել է Մենիեն: Ֆրանսիայի դեսպանի խոսքով՝ նմանօրինակ գործողությունները հետեւանքներով են հղի ամբողջ Վրաստանի համար:
«Բացառված չէ, որ նման գործողությունների պատճառով Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ կսահմանվեն եւ գործի կդրվի անայցագիր ռեժիմի կասեցման մեխանիզմը»,-նշել է Մենիեն:
Հունվարին ԵՄ-ի երկրներում ապաստան է տրամադրվել Վրաստանի միայն 13 քաղաքացիների, իսկ գրեթե 1,3 հազար մարդ մերժում է ստացել: Վերջին տվյալների համաձայն, քննարկման փուլում են Վրաստանի գրեթե 5,4 հազար քաղաքացիների դիմումները:
Եվրամիությունը Վրաստանին անայցագիր ռեժիմ է տրամադրել 2017 թվականի մարտին: Անցած ժամանակաշրջանում անայցագիր ռեժիմից օգտվել են երկրի 220 հազար քաղաքացիներ: