«Հաշմանդամների մարզամշակութային կենտրոն» հ/կ-ի նախագահն օգնության կարիք ունի

168.am-ին է դիմել Գյումրու «Հաշմանդամների մարզամշակութային կենտրոն» հ/կ-ի նախագահ Արտյոմ Դիլանյանը, ով տեսողական լուրջ խնդիրներ ունի. աչքերից մեկի եղջերաթաղանթը լուրջ մաշվածություն ունի:

Արտյոմ Դիլանյանի մեկ աչքն ունի 3 տոկոս տեսողություն, և այն կուրությունից փրկելու համար ֆինանսական միջոցներ են հարկավոր Երևանի «Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում» բուժվելու համար:

Շիրակի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Մեսրոպ Բզնունու խոսքով՝ «Մալայանի» կենտրոնը պետպատվեր չունի, ուստի անհրաժեշտ է, որպեսի Ա.Դիլանյանն իր պոլիկլինիկայից ուղեգիր տանի Երևանի 8-րդ հիվանդանոցում բուժվելու համար, քանի որ այնտեղ պետպատվեր կա:

Սակայն, ըստ Երևանի թիվ 8 հիվանդանոցի («Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն) ակնաբույժներից մեկի պարզաբանման, աչքի եղջերաթաղանթի մաշվածության դեպքում իրենց մոտ բուժում չի իրականացվում, ուստի անհրաժեշտ է դիմել «Մալայանի ակնաբուժական կենտրոն»:

Արտյոմ Դիլանյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը ևս խոսել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի բուժաշխատողներից մեկի հետ, նրանց մոտ պետպատվերն իրականացվում է հերթագրման կարգով:

«Թե հերթս երբ կհասնի, չգիտեմ, ու չկա եղջերաթաղանթի վերականգնման այն մասնագետը, որը կա «Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում»: Ամեն մարդ գովում է իր կլինիկան, բայց բոլորս էլ գիտենք, որ ամենալավ մասնագետները «Մալայանի» անվան կլինիկայում են: Ես 8-րդ հիվանդանոցում էլ եմ եղել, բուժվել եմ, բայց բուժումը լավ չի ստացվել, ռիսկը շատ մեծ է, աչքի հետ էլ կատակ չեն անում»,- ասաց Ա.Դիլանյանը:

Առաջին կարգի հաշմանդամություն ունեցող Ա.Դիլանյանի բուժօգնության համար մի անգամ անհայտ բարերարներից մեկը որոշակի գումար էր փոխանցել, սակայն ԴԱՀԿ-ն բռնագրավել էր այն, քանի որ պարտքեր էր ունեցել, որը չէր կարողացել ժամանակին մարել:

Արտյոմ Դիլանյանի աչքի մնացորդային տեսողությունը փրկելու համար բանկում հաշվեհամար է բացվել:

Բոլոր այն անձինք, ովքեր կցանկանան աջակցել նրան, կարող են հանգանակություն կատարել հետևյալ հաշվեհամարին:

Ardshinbank` բանկային հաշվեհամար՝ 2470058146830000, որը բացված է «Մարզամշակութային ներառական կենտրոն» հ/կ-ի աշխատակազմի ղեկավար Անահիտ Կիրակոսյանի անունով:

Դրամական օգնություն ցուցաբերել ցանկացողները կարող են Արտյոմ Դիլանյանի հետ կապ հաստատել նաև հետևյալ հեռախոսահամարով՝ 077 02-03-18:

Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստումը՝ կերատոպլաստիկան, միկրովիրաբուժական վիրահատություն է:

Ըստ մասնագետների, այն հնարավորություն է ընձեռում լավացնել եղջերաթաղանթի տարբեր ախտաբանություններով հիվանդների տեսողության որակը: Վիրահատության շնորհիվ հնարավոր է վերացնել եղջերաթաղանթի անատոմիական ձևն ու ֆունկցիան:

Եղջերաթաղանթի ախտաբանությամբ պայմանավորված տեսողության խանգարումը, որը կապված է նրա թափանցիկության և ձևի խանգարման հետ, կրում է անդարձելի բնույթ, որը չի շտկվում ակնոցների և կոնտակտային լինզաների միջոցով: Նմանատիպ խնդիրների միակ լուծումը եղջերաթաղանթի փոխպատվաստումն է՝ նրա վնասված հատվածի մասնակի կամ ամբողջական փոխարինմամբ:

Ա.Դիլանյանի պարագայում, աչքի հիվանդության ախտորոշումը և կոնկրետ բուժման կամ վիրահատության տեսակի նշանակումը պետք է իրականացնեն մասնագիտացված ակնաբույժները:

Անահիտ Սիմոնյան

Տեսանյութեր

Լրահոս