Կարեն Նազարյանը մասնակցել է ԱլԳ Հանրային կառավարման բարեփոխումների աշխատանքային խմբի քննարկմանը

Երևանում մարտի 15-ին կայացավ Արևելյան գործընկերության առաջին հարթակի շրջանակներում գործող Հանրային կառավարման բարեփոխումների աշխատանքային խմբի քննարկումը, որին մասնակցում էին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ անդամ և գործընկեր երկրների ներկայացուցիչները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ Կարեն Նազարյանը մատնանշեց, որ Երևանում անցկացվող այս հանդիպումն առաջինն է՝ օրեր առաջ Բրյուսելում տեղի ունեցած ԱլԳ վերանայված ճարտարապետության մեկնարկից հետո։

Նա նաև նշեց, որ Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովում հաստատված «20 արդյունք մինչև 2020» փաստաթուղթը նոր ուղենիշն է, որ մոտակա տարիներին առաջնորդելու է գործընկերության համատեղ օրակարգի ձևաչափում ընթացող բոլոր գործընթացները, ներառյալ՝ արհեստավարժ, ապաքաղաքականացված, հաշվետու և էթիկայի սկզբունքներին համապատասխանող հանրային ծառայության կայացումը։

Խոսելով ՀՀ-ԵՄ համագործակցության մասին, Կարեն Նազարյանը նշեց, որ այնպիսի կարևոր դրույթներ, ինչպիսիք են ժողովրդավարության ամրապնդումը, իրավունքի գերակայությունը, հանրային և սոցիալական կառույցների զարգացումը և այլն, ընկած են թե՛ Համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագրի, և թե՛ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի հիմքում, որոնց արդյունավետ իրագործումը մեծ նշանակություն կունենա Հայաստանի հանրության և կառավարության հետագա գործունեության համար։

Հանդիպման օրակարգում ներառված էին հանրային կառավարման ոլորտին առնչվող մի շարք կարևոր հարցերի, ներառյալ՝ ռազմավարական ծրագրավորման, տեղական իշխանությունների ու քաղհասարակության դերակատարման, ինչպես նաև էլեկտրոնային կառավարման ու թվայնացման խնդիրների քննարկումը։

Տեսանյութեր

Լրահոս