«Իբր թե հայ են․ դրանք հայ ժողովրդի թշնամիներն են». Լևոն Շիրինյանն անուններ է հրապարակում
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը կոչ է անում չհավատալ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի Միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի հայտարարությանը, թե 2016թ. ապրիլյան պատերազմից հետո ՌԴ-ն հետևություններ է արել և այժմ նույն մասշտաբի զենք չի վաճառում Ադրբեջանին։
168.am-ի հետ զրույցում քաղաքագետն ասաց, որ Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը պետք է Հայաստանի հետ համաձայնեցնի մատակարարումների ձևերն ու չափերը.
«Ռուսաստանի նկատմամբ ճնշումը պետք է շարունակել, ամերիկյան ճնշումներն արդյունք են տալիս։ Ռուսաստանը վախենում է մեր Սփյուռքից, վախենում է ապրիլյան պատերազմում առավել քան գրագետ գործողություններից, անկախության պաշտպանությունից։ Այդ բոլորն արել էին անկախությունը վերացնելու համար, բայց տեսան, որ այս ժողովուրդը կկռվի մինչև արյան վերջին կաթիլը։ Շնորհակալություն Թրամփին և եվրոպացիներին, որոնք զսպաշապիկ են հագցրել ՌԴ-ի վրա, չի կարողանում թպրտալ»։
Շիրինյանի խոսքով՝ ԱՄՆ-ը ՌԴ-ի նկատմամբ վարում է «անակոնդայի քաղաքականություն». «Ինչպես անակոնդան է զոհին սեղմում, խյուս սարքում, այդպես ԱՄՆ-ը վարվում է ՌԴ-ի հետ։ Ռուսաստանում այդ մասին շատ լավ գիտեն, բայց չեն ցանկանում ընդունել։ Դուգինն ու մյուսները խելագարվում են դրանից, որ անակոնդան իրենց է հոշոտում, ոչ թե մեզ։ Այստեղ տապալվում է նաև 5-րդ շարասյունը Մոսկվայից՝ Կուրղինյան, Միհրանյան, դրանք հայ ժողովրդի թշնամիներն են։ Փոխանակ Հայաստանի շահերը պաշտպանեն, պաշտպանում են Կրեմլի շահերը՝ Հայաստանի դեմ։ Իբր թե հայ են»։
Քաղաքագետը Բակո Սահակյանի այցը Վաշինգտոն փայլուն քայլ է համարում. «Կոմպլեմենտար քաղաքականությունն արդյունք է տալիս։ Մինչև հիմա արտաքին իմաստով Արցախի հարցը Ռուսաստանի վերահսկողության տակ էր, Ռուսաստանը խոսում է խաղաղությունից, բայց կոնֆլիկտ է հրահրում։ ՀԱՊԿ գեներալը հայտարարեց, որ Հայաստանի ժողովուրդը կարող է ապահով լինել, իրենք կպաշտպանեն, կարծես թե մենք բանակ չունենք, իսկ Արցախին չեն պաշտպանի։ Ադրբեջանին հրահրում են պատերազմի, ասում են՝ մենք դրանց չենք պաշտպանում, դու խփիր։ Երեկ էլ Զախարովան հայտարարեց, որ Արցախի հարցին չեն խառնվում. պատերազմ են հրահրում։ Իրենք գիտեն, որ հայ ժողովուրդը չի կարող չներքաշվել պատերազմի մեջ, եթե Արցախում պատերազմ լինի։ Իրենք մեր դաշնակիցն են, ուզեն-չուզեն, պետք է խառնվեն այդ գործին, բայց հակառակն են անում, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ պահին կարող են չկատարել իրենց դաշնակցային պարտավորությունները»։
Շիրինյանը հիշեց «Սասնա ծռերին», Սարի թաղի դեպքերը՝ ասելով, որ դրանք իրենց արդյունքը տվել են. «Ռուսաստանում տեսան, որ այս «ճորտը» հիմա թքում է իրենց վրա։ Դա ուրիշ բան է մեր ժողովրդի պատմության մեջ, ԱՊՀ տարածքում դա չեղած բան էր, դա ընդվզում էր զենքի մատակարարման, ռուսական խարդավանքի, իշխանության թուլության դեմ»։