
«Սիրիական ճգնաժամը միայն քաղաքական լուծում ունի». Զարիֆ

Սիրիական ճգնաժամը միայն քաղաքական լուծում ունի: Այդ մասին Աստանայում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ ելույթ ունենալով Սիրիայում հրադադարի ռեժիմի երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի նախարարական հանդիպմանը:
«Համատեղ ուժերով մենք փորձում ենք սիրիական ճգնաժամի քաղաքական լուծում գտնել,-ասել է նախարարը:-Անհրաժեշտ է շարունակել ջանքերի սերտ կոորդինացումն այդ գործընթացում: Սիրիական ճգնաժամը միայն քաղաքական լուծում ունի»: Նրա խոսքով՝ Աստանայի ձեւաչափը կշարունակի հաջողությամբ եւ արդյունավետ կերպով օգնել սիրիական խնդրի կարգավորման գործին:
«Կարեւոր է համատեղ ջանքեր գործադրել, որպեսզի Սիրիայի տարածքն ազատվի ահաբեկչական բոլոր խմբավորումներից,-նշել է նա:-Աստանայի գործընթացն ունի այն առավելությունը, որ այն պատերազմի ապաէսկալացման միակ հաջող քայլն է Սիրիայում: Մենք փորձում ենք հենվել այդ գործընթացի ձեռքբերումների վրա», հաղորդել է ՏԱՍՍ-ը: