
Իրաքում ամերիկյան ռազմական ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

«Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան հաստատել է Իրաքում ամերիկյան ռազմական ուղղաթիռի կործանումը։ Ավելի վաղ CNN-ը՝ հղում անելով ամերիկյան հրամանատարությանը, հայտնել էր, որ ամերիկյան ռազմական ուղղաթիռն աղետի է ենթարկվել Իրաքի արեւմուտքում՝ Սիրիայի հետ սահմանի մերձակայքում: Օդանավում եղել է յոթ մարդ: Նշվում է, որ կան զոհեր ու վիրավորներ:
Նախնական տվյալներով՝ HH-60 Blagk Hawk տիպի ուղղաթիռը չի խփվել, հայտնել է հեռուստաալիքը: «Ամերիկյան ռազմական օդանավը՝ ամերիկացի զինծառայողներով, աղետի է ենթարկվել Իրաքի արեւմուտքում: Միջադեպի պատճառները պարզելու համար կանցկացվի հետաքննություն»,- ՌԻԱ Նովոստիին հայտնել են կոալիցիայի մամուլի ծառայությունում: