«Թրամփի հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ կմեծանա»
«Լիահույս չեմ, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում ԱՄՆ-ն դրական ուղղությամբ կընթանա: Դեռ վաղ է խոսել, թե ինչպիսին կլինի ամերիկյան նոր քաղաքականությունը: Սակայն Պոմպեոն ավելի արհեստավարժ քաղաքական գործիչ է, դիվանագետ, քան Թիլերսոնը, Պոմպեոն ավելի տեղեկացված է, ավելի կտրուկ դիրքորոշում ունի Ռուսաստանի նկատմամբ, որպես ԿՀՎ նախկին ղեկավար, ինչը թույլ է տալիս պնդել, որ Ռուսաստանի ուղղությամբ քաղաքականությունը ավելի կոպիտ է լինելու, ավելի փակ, թեև արտաքին քաղաքականությունը վարում է ԱՄՆ նախագահը և Կոնգրեսի ու ուժային կառույցների ճնշումների պատճառով»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում այս մասին ասել է գերմանացի քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի պաշտոնանկությանն ու այդ պաշտոնում ԿՀՎ նախկին ղեկավար Մայք Պոմպեոյի նշանակմանը:
Ռարն ասաց, որ որևէ առաջընթաց Ռուսաստանի, Ուկրաինայի հարցում չի ակնկալում, Իրանի միջուկային ծրագրի հարցում ևս:
Անդրադառնալով հարավկովկասյան ուղղությամբ ԱՄՆ քաղաքականության հնարավոր փոփոխությանը` Ալեքսանդր Ռարն ասել է, որ Թիլերսոնը բավականին ներգրավված դիրքորոշում ուներ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում և նրա պետքարտուղարության օրոք ԱՄՆ դիվանագիտական ներգրավվածությունը Ղարաբաղյան հակամարտության բանակցություններին փոփոխություն չկրեց:
«Բայց կարծում եմ, որ նոր պետքարտուղարը շատ ավելի հեռացած կլիներ հարավկովկասյան խնդիրներից և Ղարաբաղյան հակամարտությունից, հաշվի առնելով այս ամենի ուղղությամբ ԱՄՆ նախագահ Թրամփի անտարբեր դիրքորոշումը և ցանկությունը կենտրոնանալ ԱՄՆ խնդիրների և ԱՄՆ զարգացման վրա»,- ասել է Ռարը:
Սակայն նրա համոզմամբ, այն Ռուսաստանի ազդեցությունն ու ներկայությունն այս ռեգիոնում կբարձրացնի Թրամփի հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ: