
Թուրքիայի և ՌԴ-ի նախագահներն ապրիլին կմասնակցեն «Աքքույու» ԱԷԿ-ի հիմնարկեքին

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլին կմասնակցեն «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի հիմնարկեքին:
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով ՌԴ ԱԳ նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների եւ դասախոսների առջեւ:
«Ապրիլի սկզբին տեղի կունենա Թուրքիայում առաջին «Աքքույու»ատոմակայանի հիմնարկեքը, որին ներկա կլինեն (Ռուսաստանի եւ Թուրքիայի) երկու նախագահները,-ասել է արտգործնախարարության ղեկավարը:-Այնուհետեւ նրանք կմեկնեն Անկարա, եւ այնտեղ տեղի կունենան բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ»:
Չավուշօղլուն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները «շատ սրընթաց են զարգանում բոլոր բնագավառներում»: «Մենք իրականացնում ենք շատ կարեւոր ենթակառուցվածքային նախագծեր»,-նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը, հիշեցնելով, որ կողմերն արդեն պայմանավորվել են «Թուրքական հոսքի» երկրորդ ճյուղի կառուցման շուրջ: Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի՝ սիրիական խնդրի կարգավորմանը նվիրված եռակողմ գագաթնաժողովը Ստամբուլում տեղի կունենա ապրիլի 4-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: