Մանե Թանդիլյանի նախագիծն ընդունվեց միաձայն
Այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում միաձայն կողմ քվեարկեցին «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի ներկայացրած «Հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագծին:
Ըստ Մ.Թանդիլյանի` օրենքի ներկայիս կարգավորումներով խոշոր կազմակերպությունները պարտավոր են հրապարակել իրենց ֆինանսական հաշվետվությունները մամուլում, ինտերնետով կամ տարածել գրքույկների ձևով:
Սույն պարտավորությունը չկատարելը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 16912 հոդվածի ուժով առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, ապա տուգանքի նշանակումից հետո երեսուն օրվա ընթացքում ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենքով սահմանված կարգով չհրապարակելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով: Արդյունքում՝ խոշոր կազմակերպությունները հնարավորություն են ստանում 550 հազար դրամ վճարելով՝ անտեսել օրենքի նշյալ պահանջը՝ չհրապարակելով ֆինանսական հաշվետվությունները:
Թանդիլյանն առաջարկում է պարտավորեցնել խոշոր կազմակերպություններին քաղաքացիների դիմումի հիման վրա ֆինանսական հաշվետվություն տրամադրել դիմումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, նաև խստացնել պատիժը պետական մարմիններ ֆինանսական հաշվետվությունները չներկայացնելու կամ դրանք չհրապարակելու համար՝ համաձայն օրենքի, ինչպես նաև սահմանել խիստ պատիժ շահագրգիռ կողմերին հաշվետվություններն օրենքով սահմանված կարգով չտրամադրելու համար:
«Այնքան լավ նախագիծ են ներկայացրել, որ այլևս կարիք չկա առաջարկություններ ներկայացնելու»,- նկատեց հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամ Էդուարդ Շարմազանովը: