«Լևոն Արոնյանի հետ կապված մեր հույսերը շատ մեծ են». Միքայել Անդրիասյան
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանի կարծիքով, Լևոն Արոնյանը չի կորցրել հավակնորդների մրցաշարում հաղթելու հնարավորությունը:
«Հավակնորդների մրցաշարն աշխարհում ամենակարևորներից մեկն է: Այն միայն զիջում է աշխարհի չեմպիոնի մրցախաղին: Այսօր ամբողջ հայ ժողովրդի ուշադրությունը հենց այդ մրցաշարի վրա է: Լևոն Արոնյանի հետ կապված մեր հույսերը շատ մեծ են: Հավակնորդների մրցաշարն իր բնույթով շատ յուրօրինակ մրցաշար է: Դեռ հավակնորդների մրցաշարի մեկնարկից առաջ մասնագետներն այն կարծիքն են արտահայտել, որ այն ուժեղագույն մրցաշարերից մեկն է մինչ այս եղածների շարքում»-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Անդրիասյանը:
Վերջինիս խոսքով, Լևոնը հաջող չմեկնարկեց, սակայն սա դեռ մրցաշարի սկիզբն է: Հավակնորդների մրցաշարն այն մրցաշարն է, որտեղ մասնակիցները կարող են իրենց թույլ տալ գոնե մեկ անգամ սխալվել, և Լևոնն օգտագործեց իր այդ հնարավորությունը,- կատակով նշեց բանախոսը:
Աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկից կրած պարտությունից հետո Արոնյանը մնաց նույն 1 միավորով և նախավերջին տեղում է: Առաջատարը 2,5 միավորով Վլադիմիր Կրամնիկն է: 2-ական միավոր ունեն Շախրիյար Մամեդյարովը և Ֆաբիանու Կարուանան: Ալեքսանդր Գրիշչուկը և Դին Լիժենն ունեն 1,5-ական, իսկ Արոնյանն ու Կարյակինը՝ 1: Կես միավորով վերջին տեղում Ուեսլի Սոն է:
14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում: