
Կուբայում ընտրել են խորհրդարանի բոլոր պատգամավորներին

Կուբայի Ժողովրդական իշխանության ազգային ժողովի (խորհրդարան) ընտրությունների արդյունքներով ընտրվել են բոլոր 605 պատգամավորները: Այդ մասին հայտնել է երկրի ազգային ընտրական հանձնաժողովը:
Նրանց թվում է Կուբայի Պետխորհրդի եւ Նախարարների խորհրդի 86-ամյա ղեկավար Ռաուլ Կաստրոն, որն առաջադրվել էր Սանտյագո դե Կուբայի նահանգի մունիցիպալիտետներից մեկի կողմից: Granma պորտալի տվյալներով՝ մարտի 11-ին կայացած ընտրություններին մասնակցել է 8,9 մլն ընտրողների գրեթե 83 տոկոսը:
Այդ ընտրությունները կարեւոր էին նրանով, որ հենց նոր գումարման խորհրդարանն է ապրիլի 19-ին իր առաջին նիստում ընտրելու Կուբայի Պետխորհրդի անդամներին, որոնք իրենց հերթին կընտրեն Կուբայի նոր ղեկավարին:
Այժմ Կուբայի Պետխորհրդի եւ Նախարարների խորհրդի ղեկավարի պաշտոնն զբաղեցնում է Ռաուլ Կաստրոն, սակայն ավելի վաղ նա հայտարարել է, որ ապրիլին թողնելու է այդ պաշտոնները: Փորձագետների գնահատումների համաձայն, առայժմ Կուբայի նոր ղեկավարի պաշտոնի ամենաիրական թեկնածուն համարվում է Միգել Դիաս Կանելը՝ Կուբայի Պետխորհրդի 57-ամյա առաջին փոխնախագահը: Նա նույնպես տեղ է գրավել նոր պատգամավորների թվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: