
«Կալիբրներ» թևավոր հրթիռներով զինված ռուսական ֆրեգատն ուղարկվել է Միջերկրական ծով

«Ադմիրալ Էսսեն» ֆրեգատը, որը հանդերձված է «Կալիբր» թեւավոր հրթիռներով, Միջերկրական ծովում կմիանա ՌԴ-ի ռազմածովային ուժերի նավախմբին, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
«Շրջափոխման պլանին համապատասխան, Սեւծովյան նավատորմի «Ադմիրալ Էսսեն» ֆրեգատը Սեւաստոպոլից ուղղություն է վերցրել դեպի Սեւ ծովի նեղուցներ»,- հայտնել է ՌԴ-ի Սեւծովյան նավատորմի մամուլի ծառայության պետ առաջին կարգի նավապետ Վյաչեսլավ Տրուխաչովը: «Ադմիրալ Էսսեն», «Ադմիրալ Գրիգորովիչ» ֆրեգատները, ինչպես նաեւ Միջերկրական ծովում ՌԴ-ի ռազմածովային ուժերի մշտական օպերատիվ միավորման կազմի սուզանավերը Սիրիայում զինյալներին բազմիցս հարվածներ են հասցրել «Կալիբր» թեւավոր հրթիռներով: