«Ինչու են մարդիկ ուզում առանց դեղատոմսի «ծակվել» հակաբիոտիկներով, քշել 100 կիլոմետր ժամ արագությամբ…». «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Հայաստանում օրինապաշտ եւ քաղաքակիրթ լինելը խիստ դատապարտելի երեւույթ է: Իսկ ի՞նչը կարող է մարդուն օրինապաշտ դարձնել:

Բնականաբար, օրենքի խստությունը: Բայց դրա դեմ մշտական կատաղի քարոզչություն է գնում: Արագաչափերը, դեղատոմսերը, ծխելու եւ փողոցը սխալ անցնելու համար տուգանքները հայ ժողովրդի գլխավոր թշնամիներն են: Ինչու են մարդիկ ուզում առանց դեղատոմսի «ծակվել» հակաբիոտիկներով, քշել 100 կիլոմետր ժամ արագությամբ, ծխել հասարակական վայրերում, մեքենայի պատուհանից աղբ թափել, իրար խաբել եւ «քցել», վերջապես՝ ինչու են նրանք այդքան սիրում խնչել եւ թքել փողոցում:

«Պարզվում է»՝ պատճառն այն է, որ նրանք վատ են ապրում, ցածր աշխատավարձ են ստանում, չեն կարողանում ընտանիք պահել: Այ, երբ նրանց համար կյանքի լավ պայմաններ ստեղծվեն, երբ ստանան բարձր աշխատավարձ, ունենան լեգիտիմ եւ հոգատար իշխանություն, երբ լինի սոցիալական արդարություն, նրանք այդ ամենը «կթարգեն»: Մեր քաղաքացիները քաղաքացու վարք չեն դրսեւորում իշխանությունների ոչ լեգիտիմության «դարդից»: Բայց սպասեք մի րոպե:

70-ական թվականներին մարդիկ լավ էին ապրում (նյութապես), ստանում էին առնվազն 120 ռուբլի աշխատավարձ: Ինչո՞ւ էր այդ դեպքում Հայաստանի բնակչության մեծամասնությունը գողանում 2 կոպեկանոց էլեկտրաէներգիան, որն ամսական հազիվ 50 կոպեկ նստեր:

Կոմունիստների ոչ լեգիտիմ լինե՞լն էր նրանց դրդում: Կամ գուցե տեսնում էին, թե որքան լավ են ապրում ռայկոմի քարտուղարները, ցեխավիկները եւ պահեստապետները, եւ «լույս գողանալը» նրանց բողո՞քն էր սոցիալական անարդարության դեմ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս