Մեյը և Մակրոնը համաձայնել են՝ համատեղ հակազդել «Ռուսաստանի ագրեսիային»
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է մարտի 4-ին Սոլսբերիում Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորումը: Մարտի 12-ի երեկոյան այս մասին հայտնել են Բրիտանիայի վարչապետի դիվանատանը։
Մեյը Մակրոնին իրազեկել է միջադեպի հետ կապված վերջին իրադարձությունների մասին, ինչպես նաեւ շարադրել է Մեծ Բրիտանիայի կառավարության եզրակացությունն առ այն, որ Ռուսաստանն է պատասխանատվություն կրում պատահածի համար: Ֆրանսիայի նախագահը դատապարտել է թունավորումը եւ Մեծ Բրիտանիայի հետ համերաշխություն հայտնել սույն հարցում:
Կողմերը նշել են «Ռուսաստանի ագրեսիվ պահվածքը» եւ համաձայնել, որ անհրաժեշտ է շարունակել դաշնակիցների հետ համատեղ գործել այդ խնդրի լուծման համար: Մարտի 12-ին ավելի վաղ Մեյը, ելույթ ունենալով Համայնքների պալատում, հայտարարել է, որ Ռուսաստանը մեծ հավանականությամբ մեղսակից է Սկրիպալի եւ նրա դուստր Յուլյայի հետ կապված միջադեպին:
Նրա խոսքով՝ ԳՀՎ-ի նախկին գնդապետը եւ նրա դուստրը թունավորվել են այն տիպի նյարդա-կաթվածահարական նյութով, որն արտադրվում է Ռուսաստանում: Մեյը Սկրիպալի հետ կապված միջադեպը որակել է «Ռուսաստանի ոչ ընտրողական եւ անպատասխանատու գործողություն Միացյալ Թագավորության դեմ»:
Մեկնաբանելով Մեյի արտահայտությունները՝ ՌԴ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Բրիտանիայի խորհրդարանում տեղի ունեցածը համարել է «կրկեսային շոու», հաղորդել է ՏԱՍՍ-ը: