Եթե Բաղրամյան 26-ը ցանկություն ունենա, Դատախազությունը Քոչարյանին կկանչի հարցաքննության

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի միջոցով արձագանքել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի՝ Մարտի 1-ի գործի առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազին ուղարկած գրությանը՝ ասելով. «Անկեղծ ասած, Փաշինյանի գործողությունները ինձ բացարձակապես չեն հետաքրքրում: Բայց, օգտվելով առիթից, ասեմ, որ իր «շնորհիվ» ականատես դարձա մեր նորագույն պատմության ամենացինիկ տեսարանի. Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում Մարտի 1-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին՝ վարում էր նիստը»:

Ուշագրավ է, որ Քոչարյանը հարկ չի համարել անդրադառնալ նման առաջարկ հնչեցրած մեկ այլ գործչի՝ ՀՀԿ ԳՄ անդամ, Մարտի 1-ի գործով ԱԺ նախկին հատուկ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հայտարարությանը և անտեսել է այն։

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը 168.am-ի հետ զրույցում այս հանգամանքը պայմանավորեց նրանով, որ գործընթացի հիմնական նախաձեռնողը Նիկոլ Փաշինյանն է, դրա համար էլ նրան է ուղղված։

«Ամենայն հավանականությամբ, Երկրորդ նախագահի գրասենյակը հասկանում է, թե սլաքներն ուր են ուղղվում և ում կողմից են, ըստ իրենց, ուղղորդվում այդ սլաքները, և ով է հիմնական սլաքն ուղղողը, ոչ թե երկրորդ անձինք, որի համար ՀՀԿ ղեկավար գործիչը պատասխանի չի արժանացել։ Սա՝ մեկ։ Երկրորդ՝ մի բան է՝ քննադատել ընդդիմադիր գործչին, մեկ այլ բան՝ երբ քննադատում ես իշխող քաղաքական կուսակցության ղեկավար գործիչներից մեկին, որովհետև եթե քննադատում ես ընդդիմադիրին, անկախ նրանից, թե ինչ ենթատեքստ կա, գիտես, որ պատասխանը միայն նրանից ես ստանալու, իսկ երբ քննադատում ես իշխող քաղաքական ուժի ղեկավար գործչին, հասկանում ես, որ պատասխանը կարող է լինել արդեն կուսակցության այլ անդամների կողմից, իսկ թե ինչպիսի պատասխան կարող է լինել, տվյալ դեպքում, մի քիչ դժվար է գուշակել Երկրորդ նախագահի համար, իսկ պատասխանները կարող են շատ ավելի խիստ լինել»։

Թե ո՞ր կողմից են գալիս սլաքները՝ հարցին, Ա.Բադալյանը պատասխանեց, որ գուցե Քոչարյանի գրասենյակը նկատի ունի, որ «արտաքինից դրանք գալիս են ընդդիմության կողմից, իսկ ներքինից, հատկապես՝ ՀՀԿ ղեկավար գործչի կողմից, հայտարարություն անելու դեպքում, միգուցե ենթադրում են, որ սլաքները գալիս են Հանրապետականի ղեկավարության կողմից»։

«Երկրորդ նախագահը չէր ցանկանում հայտնվել երիտասարդ թոշակառուի կարգավիճակում, բայց գործող նախագահը նրան դարձրեց երիտասարդ թոշակառու, և ուղղակի, քանի որ ապրիլին սպասվում են քաղաքական որոշակի զարգացումներ, գուցե զգուշացնում էր, որ Երկրորդ նախագահը չփորձի օգտվել դրանցից։ Չէր բացառվում, որ Երկրորդ նախագահը կարող էր ինչ-որ բաներից փորձեր օգտվել, որովհետև իշխանական համակարգում բոլորը չէ, որ կողմ են, որ գործող նախագահը դառնա վարչապետ»,- ասաց Ա.Բադալյանը։

Ըստ նրա՝ երբ մարդը մեղավոր է լինում Մարտի 1-ի գործի համար և 10 մարդու սպանության գնով կարողանում է ջարդել ընտրությունների արդյունքներից դժգոհ հասարակությանը, դրանից ավելի մեծ ցինիզմ դժվար է գտնել, առավել ևս, որ դա ցինիզմ չէ, այլ հանցագործություն է։

Ա.Բադալյանի կարծիքով՝ Քոչարյանին, ի վերջո, հարցաքննության կանչելու որոշումը կախված է Բաղրամյան 26-ի ցանկությունից. «Եթե Բաղրամյան 26-ը ցանկություն ունենա, Դատախազությունը կկանչի հարցաքննության, եթե Բաղրամյան 26-ը ցանկություն չունենա, Քոչարյանը չի հրավիրվի հարցաքննության՝ անկախ նրանից, ընդդիմադիր գործիչը կամ ՀՀԿ ղեկավար գործիչը ինչ հայտարարություններ կանեն։ Նրանց հայտարարություններով չէ, որ Դատախազությունն առաջնորդվում է։ Դատախազությունը, Ոստիկանությունը, ԱԱԾ-ն, դատական համակարգն ամբողջովին ենթարկվում են գործող նախագահին»։

Դիտարկմանը, որ Քոչարյանը սպասում էր ժողովրդի կողմից պահանջին՝ քաղաքականություն վերադառնալու համար, Ա.Բադալյանը նշեց, որ ժողովրդի կողմից ոչ մի պահանջ չկա, առավել ևս՝ իրեն. «Հայաստանի ժողովրդի մեծ մասի մոտ ընդամենը մեկ ցանկություն կա՝ արտագաղթել այս երկրից։ Դա արդեն տեսանելի է, դրա մասին բոլորն են խոսում, իսկ խնդրանք, պահանջ կամ ցանկություն՝ Երկրորդ նախագահին ուղղված, որպեսզի գա, նորից ստեղծի այն կառավարման տարիները, որի արդյունքով, ի վերջո, Մարտի 1 է տեղի ունեցել, չեմ կարծում, որ հասարակության մոտ նման ցանկություն կա՝ տեսնել Երկրորդ նախագահին՝ որպես ապագա վարչապետ։ Երկրորդ՝ իշխանության համակարգում էլ չկա որևէ գործիչ, որ ինքնուրույն մտածելակերպ ունի և կարող է հրապարակավ նման դիմումներով դիմել երկրորդ նախագահին, որովհետև բոլոր նրանք, որ ինքնուրույն տեսակետ ունեին իշխանության մեջ, նրանք բոլորը հեռացված են իշխանությունից գործող նախագահի կողմից՝ լինի արարատցի նախկին ԱԺ նախագահ ու վարչապետ, Սյունիքի նախկին մարզպետ, Երևանի նախկին քաղաքապետ և այլն, և կուսակցության մեջ գոնե հրապարակային մնացել են այնպիսի մարդիկ, որ հաստատ Երկրորդ նախագահին չեն ցանկանում վարչապետ տեսնել, գոնե՝ հրապարակային»։

Փորձագետի խոսքով՝ Ս.Նիկոյանի շուրթերից այդ հայտարարությունն ուղղակի մեսիջ էր՝ ուղղված Երկրորդ նախագահին՝ «հանգիստ տեղդ մնա», հատկապես, որ նախագահը Ղարաբաղյան շարժման 30-ամյակի կապակցությամբ հայտնվել էր Ղարաբաղում։

Տեսանյութեր

Լրահոս