«Ասկերովի և Գուլիևի մասին հայտարարությունն ադրբեջանական հերթական քաղաքական մուղամն է». Դավիթ Բաբայան
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն անհեթեթություն է համարում Լեռնային Ղարաբաղում գտնվող Ադրբեջանի երկու քաղաքացիներին՝ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին «բարոյական և ֆիզիկական կտտանքների» ենթարկելու մասին լուրերը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադառնալով International Human Rights Defence Committe անունով կազմակերպության տարածած հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի սահմանն ապօրինաբար հատած Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը «բարոյական ու ֆիզիկական կտտանքների» են ենթարկվում, Դավիթ Բաբայանն ասաց. «Այդ կազմակերպության հայտարարությունն ուսումնասիրելուց պարզ է դառնում, որ այն գրվել է կամ Բաքվում, կամ Սումգայիթում, չի բացառվում նաև, որ այդ կազմակերպությունը գտնվում է Ադրբեջանում: Այդ հայտարարությունն ադրբեջանական հերթական քաղաքական մուղամն է, որն ադրբեջանցիները մատուցում են հանրությանը»:
Դավիթ Բաբայանի խոսքով, այդ հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան տեղեկատվական ահաբեկչություն: «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պարբերաբար այցելում է Ասկերովին և Գուլիևին և հնարավորություն ունենում գնահատելու նրանց վիճակը: Նրանք երբևէ որևէ բռնության չեն ենթարկվել` ոչ ֆիզիկական և ոչ էլ բարոյական»,- ընդգծեց Արցախի նախագահի մամուլի խոսնակը:
Վերջինս միջազգային հանրությանը կոչ է անում հետաքրքրվել, թե ինչ վիճակում են գտնվում ինչ-ինչ պատճառներով ադրբեջանական բանտերում հայտնվող հայերը կամ հենց ադրբեջանցի քաղբանտարկյալները: «Այդ դեպքում բոլորը պատկերացում կկազմեն, թե ինչպիսին է իրավիճակն Ադրբեջանում»,- նկատեց Բաբայանը:
Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման: Նրանք հատուկ առաջադրանքով տեղեկություններ էին հավաքել՝ լրտեսական գործունեության միջոցով: Նրանք զենքի գործադրմամբ հուլիսի 4-ին առևանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ և Մանաշիդ համայնքների միջև ընկած անտառային զանգվածում:
Բացի այդ, Հասանովը հուլիսի 11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կմ-ին ազգային ատելության հողի վրա հրազենով սպանել էր Երևանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին (1971թ. ծնված), իսկ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ էր հասցրել: Նա զինված դիմադրություն էր ցույց տվել ձերբակալման ժամանակ և վնասազերծվել: