Հայաստանի խաղաղության տեխնոլոգիան. չարդարացնել Ադրբեջանի հաշվարկը. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանը սկսում է հերթական լայնամասշտաբ զորավարժությունը, որին կմասնակցի երկու տասնյակ հազարից ավելի անձնակազմ, մի քանի հազար և հարյուր միավոր տեխնիկայի տեսակներ, հրթիռներ: Զորավարժություններին փորձարկվելու է լեռնային պայմաններում մարտական գործողությունների իրականացումը:
Ադրբեջանի հերթական լանամասշտաբ զորավարժությունը, անկասկած, Հայաստանում հերթական անգամ կտա հնարավոր պատերազմի անխուսափելիության մասին գնահատականների և հայտարարությունների առիթ, որոնք կհնչեն շռայլորեն: Եթե, իհարկե, այդ հայտարարությունները հնչում են աքսիոմատիկ այն ճշմարտության հիմքով, որ խաղաղության համար պետք է պատրաստ լինել պատերազմի, ապա դրանք, իհարկե, կարող են լինել հասկանալիության ու ռացիոնալության դաշտում:
Պարզ պետք է լինի թերևս մեկընդմիշտ, դուր գա դա մեզ, թե ոչ, ուզենք, թե ոչ, երազել ենք հենց այդպիսի խաղաղության մասին, թե այլ, միևնույն է՝ Ադրբեջանն իր որակներով, մտածողությամբ և ագրեսիվությամբ այլ ելք չի թողնում, քան մշտապես պատերազմի պատրաստ լինելու գնով զսպել այդ պատերազմը և Ադրբեջանին թույլ չտալ վայրկյան իսկ մտածելու, որ կարող է պատերազմով լուծել որևէ հարց:
Ընդ որում՝ հենց սրանից է կախված նաև միջազգային հանրության վերաբերմունքը, այն իմաստով, որ հենց Հայաստանի պատրաստ լինելն ու դիմադրողականությունն է նաև, որ Ադրբեջանին զրկելու է պատերազմի միջազգային լեգիտիմությունից:
Սակայն պատերազմի մասին խոսակցությունները Հայաստանում շատ հաճախ ունենում են պարզապես բանդագուշանքի կամ խուճապահարության դրսևորումներ, թեև փորձ է արվում դրանք մատուցել իբրև քաղաքագիտական և փորձագիտական գնահատականներ: Դա արդեն հարված է Հայաստանի ազգային անվտանգությանը, որովհետև, մեծ հաշվով, նաև այդ հաշվարկները՝ հայաստանյան այդ արձագանքների մասով ունեցած ակնկալիքներն են ադրբեջանական վարժանքների հիմքում, Հայաստանում սնուցել խուճապային, անկումային, անելանելիության և պատերազմի դատապարտվածության տրամադրություններ և այդպիսով ջլատել որևէ կառուցողական և պաշտպանական էներգիա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։