ԱՄՆ-ն ունի ԼՂ հակամարտության կարգավորման իր ծրագիրը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը հարցազրույց է տվել ադրբեջանական Trend լրատվական գործակալությանը՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին:
Ամերիկացի համանախագահը հայտարարել է, որ ներկայիս ստատուս քվոն Լեռնային Ղարաբաղում չի կարող պահպանվել երկարաժամկետ հեռանկարում, սակայն հիմնախնդիրը չունի ռազմական լուծում: Շեֆերը նաեւ ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթացին եւ կշարունակի ակտիվ փոխգործակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:
Մեկնաբանելով ամերիկացի դիվանագետի խոսքերը՝ արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը ուշադրություն է հրավիրում նրա մեկ այլ մտքի վրա, որ բանակցային գործընթացում դրական առաջընթացի հասնելու համար անհրաժեշտ են շարունակական անկեղծ ջանքեր ինչպես հակամարտության կողմերի, այնպես էլ համանախագահների եւ միջազգային հանրության, ինչը վերջին հաշվով հակամարտող կողմերից կպահանջի դժվար որոշումների ընդունում: Մեր զրուցակիցը Շեֆերի խոսքերից եզրակացնում է, որ Միացյալ Նահանգներն ունի հակամարտության կարգավորման իր ուրույն ծրագիրը, սակայն առայժմ չի բացում խաղաքարտերը:
«Շեֆերն ընդհանուր առմամբ ճիշտ է: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ռազմական ճանապարհ չկա, քանի որ պատերազմը կքանդի, կոչնչացնի ողջ տարածաշրջանը, ոչ միայն Ղարաբաղը: Բայց միեւնույն ժամանակ հույս չկա, որ կպահպանվի ստատուս քվոն: Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը գնալով ավելի է ակտիվանում: Սա ինքնին շատ հատկանշական փաստ է: Բացի այդ, նա խոսել է դժվար որոշումների կայացման անհրաժեշտության մասին՝ չպարզաբանելով, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը: Սա բավական հետաքրքիր պահ է նրա հարցազրույցում: Հնարավոր է՝ Միացյալ Նահանգներն ինչ-որ առաջարկներ անի կողմերից մեկին ոչ հրապարակային ձեւով: Պարզ է մի բան, որ Միացյալ Նահանգներն ուզում է տեղաշարժել կարգավորման սառեցված գործընթացը»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում մեկնաբանեց Տրոֆիմչուկը:
Փորձագետը տարօրինակ է համարում այն փաստը, որ ամերիկացի համանախագահ Շեֆերը, խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների մասին, հղում է անում 1975 թ. ստորագրված Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթներին:
«Իմ կարծիքով՝ Հելսինկյան եզրափակիչ ակտը Խորհրդային Միության եւ խորհրդային ազդեցության գոտու փլուզման փաստով ավտոմատ կերպով կորցրեց իր ուժը: Հակառակ դեպքում կարելի է հարցնել Էնդրյու Շեֆերին՝ ցույց տվեք, խնդրեմ, այն սահմանները, որոնք ֆիքսել է Հելսինկյան եզրափակիչ ակտը որպես անխախտ սահմաններ: Այդ դեպքում նախկին խորհրդային բոլոր պետությունները, այդ թվում՝ Հայաստանը եւ Ադրբեջանը, իրենց անփոփոխ տեսքով պետք է մտնեն ԽՍՀՄ-ի կազմի մեջ, իսկ քանի որ դա չկա, տարօրինակ է ասել, որ պետք է հիմնվենք Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների վրա:
Բանակցությունների սեղանին այսօր դրված են մինչեւ 2016 թ. ապրիլյան պատերազմը մշակված փաստաթղթերը, եւ կողմերը չեն հերքում դրանց գոյությունը: Դրանք են Մադրիդյան սկզբունքները: Բայց վերջին երկու տարիների ընթացքում կողմերը հիմնվում են նոր որոշումների վրա: Դրանք են 2016 թ. Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում եւ 2017 թ. հոկտեմբերին Ժնեւում ընդունված որոշումները: Ապրիլյան պատերազմից հետո ի հայտ են եկել մի շարք նոր փաստաթղթեր: Ի՞նչ են տվել այս փաստաթղթերը առաջ շարժվելու համար: Դրանք ոչինչ չեն տվել: Ուստի Շեֆերը պետք է պարզաբաներ՝ գուցե պետք է եւս մի քանի տասնյակ փաստաթղթեր ընդունել, որպեսզի հնարավոր լինի բանակցություններում հասնել առաջընթացի: Չէ՞ որ ինքն էլ իր հարցազրույցում ասում է, որ ներկայիս ստատուս քվոն չի կարող երկար պահպանվել»,- նշեց նա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։