«ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների շրջանավարտների 43% աշխատանքի է ընդունվել կամ ստարտափ է հիմնել ՏՏ կամ տեխնիկական ոլորտում
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) անցկացրել է կլոր-սեղան քննարկում «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների սոցիալ-տնտեսական ազդեցության, ժամանակակից կրթական մոդելների, ներդրումների ներգրավման և հեռանկարների վերաբերյալ:
ԻՏՁՄ-ից տեղեկացնում են, որ միջոցառմանը մասնակցել են «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների կրթական ցանցի կազմակերպիչներ՝ ԻՏՁՄ-ի և անդամ ընկերությունների ներկայացուցիչներ, «ԱրՄաթի» սաներ, խմբավարներ, պետական կառույցների, կրթական հաստատությունների և դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, տնտեսագետներ, մեդիայի ներկայացուցիչներ և այլ հյուրեր: Հանդիպման նպատակը Հայաստանում հանրության և գործարար աշխարհի, «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների և ինժեներական ժամանակակից կրթության առաջխաղացման կոսնոլիդացումն է:
ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը խոսել է ինժեներական կրթության անհրաժեշտության և հրատապության մասին, որն արմատապես փոխում է կրթության որակը ու նպաստում տնտեսության, այդ թվում՝ ռազմաարդյունաբերության զարգացմանը: Հատկանշական է, որ «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների շրջանավարտների 43%-ն աշխատանքի է ընդունվել կամ ստարտափ է հիմնել ՏՏ կամ տեխնիկական ոլորտում: Աշխատանք ունեցող կամ ստարտափ հիմնած պատանիների աշխատավարձերը տատանվում են 50-300 հազար դրամի սահմաններում, միջինում կազմելով 132,561 դրամ:
«Գրանթ Թորնթոն» ընկերության ներկայացուցիչ Դավիթ Մանուկյանը ներկայացրել է ընկերության կողմից իրականացրած հետազոտության արդյունքները: Համաձայն որի՝ «ԱրՄաթի» շրջանավարտների 84 %-ը ընդունվել է բուհ, որից 82%-ը՝ բնական գիտությունների, ՏՏ և տեխնիկական մասնագիտությունների գծով: Հարցվողների 39%-ը, սովորելուն զուգընթաց, նաև աշխատում է, 4%-ը՝ միայն աշխատում:
Աշխատանք ունեցողների 45%-ը ներգրավված են ծրագրավորման բնագավառում, 12%-ը՝ հիմնել են ստարտափ, ևս 29%-ը ներգրավված են ՏՏ ոլորտի այլ աշխատանքներում, իսկ մնացածը կատարում են ինժեներական և տեխնիկական աշխատանքներ:
Հավելենք, որ այս պահին Հայաստանի և Արցախի դպրոցներում անվճար հիմունքներով գործում են 220-ից ավելի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ ծրագրավորման և ռոբոտաշինության հիմունքներ են սովորում 5000-ից ավելի դպրոցականներ: ԻՏՁՄ-ն ծրագրել է «ԱրՄաթ» լաբորատորիաներ հիմնել բոլոր դպրոցների համար, այդ իսկ նպատակով ներդրումների հնարավորություններ է փնտրում թե՛ Հայաստանում և թե՛ Հայաստանի սահմաններից դուրս: Armath.am կայքում առկա է նաև նվիրատվությունների բաժին:
«ԱրՄաթը» հաջողություններ է գրանցում նաև արտերկրում: 2016-ին «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաները Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) Global Excellence Award մրցանակաբաշխությունում արժանացել են «Կայուն զարգացման» (Sustainable growth) մրցանակի: Նույն տարում՝ Թբիլիսիում կայացած GITI-2016 տարածաշրջանային ՏՏ միջոցառման մրցանակաբաշխությանն արժանացել են նաև «ՏՏ կրթության լավագույն մատակարարի» տիտղոսին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վերջերս Հնդկաստանում կայացած ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT) շրջանակում ԻՏՁՄ-ն համագործակցության հուշագիր է ստորագրել հնդկական ընկերության հետ, ըստ որի՝ «ԱրՄաթ» լաբորատորիաներ կարտահանվեն նաև Հնդկաստան: Ստացված եկամուտը ԻՏՁՄ-ն կուղղի «ԱրՄաթ» լաբորատորիաների ծրագրի ընդլայնմանը Հայաստանում:
Սիրարփի Աղաբաբյան