Բաժիններ՝

Զինծառայությունից խուսափելու մեջ մեղադրվող զորակոչիկը դատարանի որոշմամբ լրացուցիչ փորձաքննության կենթարկվի

2018 թ. փետրվարի 15-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց դատաբժշկական և ռազմաբժշկական համալիր փորձաքննություն նշանակել Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշմանը համաձայն չլինելու պատճառով զինծառայության չմեկնած զորակոչիկ Տ. Մ.-ի գործով:

Նախկինում երկու անգամ տարկետում ստացած զորակոչիկին առողջական նույն խնդիրներով ՀՀ ՊՆ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը նախ 2016 թ. հուլիսի 28-ին, ապա 2017 թ. հունվարի 30-ին զինծառայությանը պիտանի է ճանաչել: Սակայն զորակոչիկը համաձայն չի եղել որոշումների հետ և զինծառայության չի մեկնել:

Տ. Մ.-ն և նրա ներկայացուցիչ Ս. Սողոմոնյանը Վարչական դատարանում վիճարկում են նաև Կենտրոնական բժշկական հանձնաժողովի՝ զորակոչիկին զինծառայությանը սահմանափակումով պիտանի ճանաչելու որոշումները:

Զինծառայությունից խուսափելու հիմքով 2016 թ. սեպտեմբերի 7-ին հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Տ. Մ.-ի ունեցած առողջական խնդիրների ուղղությամբ նշանակված դատաբժշկական փորձաքննություններով հիվանդության վաղեմությունը որոշել հնարավոր չի եղել, բայց և փաստվել է, որ այն առողջական խնդիրները, որոնց հիման վրա զորակոչիկը նախկինում տարկետում է ստացել, շարունակում են առկա լինել, և առողջության բարելավում չի նկատվել:

Չնայած դրան՝ վարույթն իրականացնող մարմինը, առանց դատաբժշկական եզրակացության հիման վրա ռազմաբժշկական փորձաքննություն նշանակելու, Տ. Մ.-ին մեղադրանք է առաջադրել և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել դատարան: Ընդ որում՝ մեղադրական եզրակացության հիմքում այն նույն բժշկի ցուցմունքներն են, որը զորակոչիկին զինծառայությանը պիտանի է ճանաչել, և որի կայացրած որոշմանը համաձայն չի եղել զորակոչիկը:

Իր ցուցմունքներում ԿԲՀ սրտաբան-փորձագետ Հայկ Հովսեփյանը նշել է, որ հետազտության արդյունքների հիման վրա Տ. Մ.-ն ենթակա է զորակոչման: Ակնհայտ է, որ բժիշկը չէր կարող ցուցմունքներում հակասել իր կայացրած որոշմանը և հակառակը պնդել:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում գործի քննության ընթացքում Տ. Մ.-ի շահերի պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ս. Սողոմոնյանը 2018 թ. փետրվարի 15-ին միջնորդեց դատաբժշկական և ռազմաբժշկական համալիր փորձաքննություն նշանակել: Միջնորդությունը հիմնավորեց նրանով, որ «նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները բավարար չեն, թերի են և չեն հիմնավորում այն հանգամանքը որ Տ. Մ.-ն զորակոչից խուսափել է՝ առանց օրինական հիմքերի»:

Չնայած մեղադրող դատախազ Ս. Առաքելյանի առարկությանը՝ դատարանը բավարարեց միջնորդությունը և իր որոշմամբ ընդգծեց, որ «փորձաքննության նշանակումը կարող է գործի արդարացի լուծման համար կարևոր նշանակություն ունենալ»:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս