Ինչո՞ւ է լռում Կարեն Կարապետյանը. տարօրինակ ինքնախարազանում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնվել է խիստ անհարմար վիճակում: Չկա գրեթե օր, եւ չկա գրեթե մի ՀՀԿ-ական, որը հրապարակայնորեն չի նսեմացնում նրա պետական կառավարչական որակները, հայտարարելով, որ Կարապետյանը չունի բավարար պատրաստվածություն արտաքին քաղաքականության, Արցախի, անվտանգության խնդիրներում: Իհարկե այստեղ հնչում է գրեթե պարզ ճշմարտությունը եւ խնդիրը, անշուշտ, դա չէ:

Խնդիրն այն է, որ այն հնչում է եւ, փաստորեն, Կարեն Կարապետյանը վարչապետության մեկուկես տարիների ընթացքում ըստ էության ստանում է երկու գնահատական: Բանն այն է, որ ինչքան էլ Հայաստանում վարչապետն առավելապես կենտրոնացած է տնտեսական հարցերի վրա, այդուհանդերձ, Հայաստանը կիսանախագահական պետություն է եւ, հետեւաբար, վարչապետը միայն տնտեսվար չէ, այլ նաեւ քաղաքական ֆիգուր:

Ավելին, վարչապետը կատարում է արտասահմանյան այցեր, պաշտոնական հյուրեր ընդունում արտերկրից, իսկ այդ ամենը քաղաքականություն է, առաջին հերթին: Եվ եթե մեկուկես տարի անց հայտարարվում է, որ նա չունի բավարար պատրաստվածություն, ապա դա այլ բան չէ, քան նրա քաղաքական անընդունակության մասին հայտարարությունները: Ու հաշվի առնելով նաեւ այն, թե ինչի համար են հնչում դրանք՝ Սերժ Սարգսյանի վարչապետական առաջադրումը հիմնավորելու, ակնառու է դառնում, որ Կարապետյանին հրապարակավ արժեզրկում են Սերժ Սարգսյանի համար: Եվ այստեղ առաջանում է մի պարզ հարց՝ երբ Կարեն Կարապետյանը մեկուկես տարի առաջ Սերժ Սարգսյանի հետ հանգամանալից ու մանրամասն զրույցների արդյունքում համաձայնեց լինել Հայաստանի վարչապետ, այդ ժամանակ պայմանավորվածությունների շրջանակում խոսվե՞լ է ներկայիս իրավիճակի մասին, Կարեն Կարապետյանը ենթադրել կամ պատկերացրե՞լ է, որ կգա 2018-ի մարտը եւ կսկսվի ապրիլի համար նրա նսեմացումը, եւ, ըստ էության, որոշակի դեպքերում նույնիսկ նվաստացումը: Կարապետյանի մտքով դա չի՞ անցել, որ կարող է լինել նման իրավիճակ, թե՞ Կարապետյանը համաձայնել է այդ իրավիճակին՝ հանուն Սերժ Սարգսյանի:

Համենայնդեպս, նրա ներկայիս պահվածքը կամ լռությունը ստանում է կամ խորհրդավորություն, կամ պարզապես վերածում է ինքնախարազանման, որովհետեւ եթե Կարապետյանը անգամ չէր սպասում նման շրջադարձ, եւ Սերժ Սարգսյանը խախտել է պայմանավորվածությունը, ապա այդ դեպքում լռությունը դառնում է առավել անհասկանալի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս