
Բելգիայում միլիարդավոր եվրո է անհետացել Քադաֆիի ռեժիմի սառեցված հաշիվներից

Բելգիայում Euroclear Bank-ի հաշիվներից 2013-2017 թվականներին ավելի քան 10 միլիարդ եվրո է անհետացել 2011 թվականին ՄԱԿ-ի որոշմամբ սառեցված լիբիական ակտիվներից: Այդ մասին հայտնել է Le Vif պարբերականը:
Ինչպես պարզաբանվում է հրապարակման մեջ, այդ միջոցները վերահսկվում էին Լիբիայի տապալված առաջնորդ Մուամար Քադաֆիի մերձավոր շրջապատի կողմից:
2013 թվականի նոյեմբերի 29-ի տվյալներով՝ 16,1 մլրդ եվրո գտնվում էր չորս հաշիվներում, որոնք բացվել էին Libyan Investment Authority-ի եւ Libyan Foreign Investment Company-ի համար:
Բելգիայի իշխանություններն այդ միջոցների զգալի մասի անհետացումը հայտնաբերել են 2017 թվականի աշնանը, երբ փողերի լվացման գործով հետաքննությունը մտադրվել էր կալանք դնել 16 մլրդ եվրոյի վրա: Պարզվել է, որ չորս հաշիվներում մնացել է 5 միլիարդ եվրոյից փոքր-ինչ ավելի, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: