
Մահավճիռ է կայացվել ԻՊ-ի նախկին պարագլխի քրոջ նկատմամբ. Al Sumaria

Իրաքի կենտրոնական քրեական դատարանը մահավճիռ է կայացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նախկին պարագլուխ Աբու Ումար ալ Բաղդադիի քրոջ նկատմամբ: Այդ մասին հայտնել է Al Sumaria տեղական հեռուստաալիքը:
Ահաբեկիչը, որի իսկական անունը Համիդ ազ Զաուի է, 2006-2010 թվականներին գլխավորում էր «Ալ Քաիդայի» իրաքյան մասնաճյուղը կամ «Իրաքի իսլամական պետությունը», որն այնուհետեւ վերածվեց ԻՊ-ի: Նա սպանվել է 2010 թվականին ամերիկյան ավիահարվածի հետեւանքով, եւ նրան փոխարինել է ԻՊ-ի ներկայիս պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադին:
Դատարանի ներկայացուցիչ Աբդել Սատար Բերեկդարը նշել է, որ մեղադրյալը խոստովանել է մասնակցությունը ահաբեկչական խմբավորումներին, նա «լոգիստիկական աջակցություն է ցուցաբերել նրանց հանցավոր գործողություններին»: Նրա խոսքով՝ դատապարտյալի ամուսինը, նույնպես ահաբեկիչ, մահապատժի է դատապարտվել ավելի վաղ:
Տեղեկացվում է, որ կինը, որի անունը չի նշվում, կախաղան է հանվելու, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: