«Մենք գործավարուհուն ենք հանձնել իր նվերը, ով, ի դեպ, մեծ ուրախությամբ և շնորհակալությամբ ընդունել է այն». Արթուր Գևորգյանը՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության կանանց տոնական նվերների մասին
Մամուլում տարածված լուրերի համաձայն` Մարտի 8-ին ընդառաջ՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու «ՀՀԿ» և «Ելք» խմբակցությունների իգական սեռի ներկայացուցիչներին շնորհավորական բացիկ ու բանկային «վիզա-քարտեր» է նվիրել: Ինչպես, սակայն, պարզվում է՝ Տարոն Մարգարյանի նվերներից անմասն են մնացել ավագանու ընդդիմադիր «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամները՝ զրկվելով քաղաքապետի բարեհաճությունից:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հաստատել էր տեղեկությունը՝ իրենք ոչինչ չեն ստացել:
Պարզելու համար ստեղծված իրավիճակի պատճառները՝ 168.am-ը կապ հաստատեց քաղաքապետարանի հետ: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը մեզ հետ զրույցում պարզաբաեց.
«Տեղեկատվությունը բացարձակ չի համապատասխանում իրականությանը: Տվյալ շնորհավորական բացիկներն ու հատկապես նվեր քարտերը տրամադրվում են անհատապես՝ քաղաքապետարանի կին անդամներին, ինչպես նաև աշխատակազմի համապատասխան աշխատակիցներին: Օրվա ընթացքում մենք այցելել ենք ձեր կողմից նշված խմբակցության աշխատասենյակ, այնտեղ ներկա են եղել միայն գործավարուհին ու փորձագետը: Մենք գործավարուհուն ենք հանձնել իր նվերը, ով, ի դեպ, մեծ ուրախությամբ և շնորհակալությամբ ընդունել է այն: Տվյալ խմբակցության կանանցից որևէ մեկը տեղում չի եղել և, քանի որ, նորից եմ կրկնում, այդ նվեր քարտերը նախատեսված է փոխանցել միայն անհատապես, ստացվում է, որ իրենք չեն ստացել քաղաքապետի կողմից պատրաստված իրենց նվերը: Հիմա շրջանառել որևէ միտում կամ դիտավորություն, ես ճիշտ չեմ համարում»:
168.am-ի այն դիտարկմանը, թե միտում գուցե եղել է հենց «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամների կողմից՝ ներկա չլինել և չստանալ քաղաքապետի պատրաստած նվերները, Արթուր Գևորգյանը պատասխանում է՝ ինքն այդ առումով ոչինչ ասել չի կարող, հատկապես, որ ենթադրություններ անել չի պատրաստվում:
Մեր այն հարցը՝ ի վերջո, հնարավո՞ր է՝ քաղաքապետարանի աշխատակիցները խուսափելով ստեղծված իրավիճակում առաջացած ընտրողական մոտեցումից, այնուամենայնիվ, փորձեն հանձնել «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամների համար նախատեսված քաղաքապետի նվերները, երբ նրանք ներկա կլինեն քաղաքապետարանում, Ա. Գևորգյանը պատասխանեց, որ ինքը խոսում է ներկա պահի և իրավիճակի մասին, ավելին ոչինչ ասել չի կարող: