
Լոնդոնում բացվում է Պիկասոյի գործերի ցուցահանդեսը

Հռչակավոր նկարիչ Պաբլո Պիկասոյի շուրջ 180 գործեր կներկայացնի Մեծ Բրիտանիայի Tate Modern պատկերասրահը «Պիկասո 1932-սեր, փառք, ողբերգություն» ցուցահանդեսում: Այն Լոնդոնում բացվում է մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրը։
«Ցուցահանդեսի հիմքում 1932 թվականն է վերցվել, որովհետեւ այդ տարի է նա ստեղծել իր գլուխգործոցների մեծ մասը: Մեզ մոտ մի քանի գործեր կան 1931 եւ 1933 թվականներից: Բոլոր գործերը տարբեր պատկերասրահներից են, բայց ցուցանմուշների մեծ մասը Փարիզի Պիկասոյի ազգային թանգարանից է, որովհետեւ ցուցահանդեսը կազմակերպվել է այդ թանգարանի հետ համագործակցությամբ»,- ՌԻԱ Նովոստիին պատմել է ցուցահանդեսի կուրատորի ասիստենտ Լաուրա Բրունին:
Արվեստագետի խոսքով՝ ցուցադրանքում ներկայացված է «շուրջ 180 գործ՝ 70 նկար, 13 քանդակ, աշխատանքներ թղթի վրա, ինչպես նաեւ այլ նյութերով»: Նաեւ ցուցահանդեսի այցելուները կտեսնեն լուսանկարներ:
«1932 թվականն անսովոր տարի էր Պիկասոյի համար, մեծ փոփոխությունների տարի: Լրացել էր նրա 50 տարին, այդ ժամանակ նա զգում է սյուրռեալիստների ազդեցությունը»,- ասել է Լաուրա Բրունին: