Պեկինը պատասխան քայլեր կձեռնարկի ԱՄՆ-ի հետ առևտրական պատերազմի դեպքում
Չինաստանը եւ ԱՄՆ-ը կարող են համաշխարհային ասպարեզում մրցակիցներ լինել, բայց ոչ հակառակորդներ, Չինաստանը մտադիր չէ համաշխարհային ասպարեզում փոխարինել Միացյալ Նահանգներին: Այդ մասին Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի նստաշրջանի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Ին:
«Երկրների միջեւ կարող է առողջ մրցակցություն լինել, ինչը նորմալ է: Նրանք կարող են մրցակցել, բայց չդառնալ հակառակորդներ»,- ասել է նա:
Նախարարը ասել է, որ երկխոսության միջոցով ԱՄՆ-ի առեւտրական խնդիրների լուծման հույս ունի եւ հանդես է եկել առեւտրական պատերազմի դեմ:
«Ինչպես ցույց է տալիս պատմությունը, խնդիրներն առեւտրական պատերազմների միջոցով լուծել հնարավոր չէ»,- ընդգծել է նախարարը: Որպես կանոն, պատերազմից տուժում է հենց այն երկիրը, որն այն սանձազերծում է:
«ԱՄՆ-ի հետ առեւտրական պատերազմի դեպքում Չինաստանն անհրաժեշտ պատասխան քայլեր կձեռնարկի»,- նշել է նա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: