Կուրցն «անհեթեթություն» է որակել մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ-ի պլանները
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը քննադատության է ենթարկել Եվրամիությունից պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ-ի պլանները եւ դրանք որակել է «անհեթեթություն»:
Այդ մասին գրել է Kleine Zeitung թերթը: «Եթե հարկ լինի, կհետեւի հակազդեցություն, որը, պետք է հուսալ, կբերի ԱՄՆ-ի դիրքորոշման վերանայման, եւ հնարավոր կլինի հրաժարվել այդ անհեթությունից»,- ասել է կանցլերը լրագրողներին:
Նա նաեւ նշել է, որ առեւտրական պատերազմի դեպքում երկու կողմերն էլ՝ ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն, տանուլ կտան: Առեւտրի հարցերի եվրակոմիսար Սեսիլյա Մալմստրյոմը նախօրյակին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Եվրամիությունը մտադիր է իր համար բացառության հասնել մետաղների վրա ԱՄՆ-ի մաքսատուրքերի հարցում, որոնք Վաշինգտոնը պատրաստվում է սահմանել: «Մենք եռանդուն քննարկում ենք անցկացնում ԱՄՆ-ից մեր գործընկերների հետ, որպեսզի նրանց բացատրենք, որ դա ճիշտ քայլ չէ: Մենք դեռեւս հուսով ենք, որ ԵՄ-ն կբացառվի»,-ասել է նա:
Մալմստրյոմի խոսքով՝ ԵՄ-ն հնարավոր ամեն ինչ անում է, որպեսզի Վաշինգտոնը վերանայի իր որոշումը: «Դա վնաս կհասցնի անդրատլանտյան հարաբերություններին, ինչպես նաեւ գլոբալ առեւտրական համակարգին»,-հավելել է եվրահանձնակատարը:
Եվրակոմիսարի խոսքով՝ ԵՄ-ն իր շուկան պաշտպանելու շտապ միջոցներ կձեռնարկի մաքսատուրքերի սահմանման դեպքում: «ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սահմանման դեպքում ԵՄ-ի շուկան կունենա պողպատի եւ ալյումինի զգալի ավելցուկ, որը մենք գնահատում ենք 15 մլն տոննա: Այդ կապակցությամբ մենք հարկադրված կլինենք շտապ միջոցներ ձեռնարկել մեր շուկան պաշտպանելու համար, բայց դրանք գլոբալ բնույթ չեն կրի»,-հայտարարել է Մալմստրյոմը:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի այդ քայլը ծանր հարված կհասցնի Եվրամիության տնտեսությանն ու աշխատաշուկային: «Մենք իրադրության բորբոքում չենք ցանկանում, բայց այն միջոցառումները,- որոնցից, ես հուսով եմ, մենք կկարողանանք խուսափել, մենք դրա համար անում ենք հնարավոր ամեն ինչ,- ծանր հարված կհասցնեն ԵՄ-ի տնտեսությանն ու աշխատաշուկային»,-ասել է նա:
Եվրահանձնակատարի խոսքով՝ ԵՄ-ն առեւտրական պատերազմ չի մղում ԱՄՆ-ի դեմ, բայց եւ չի կարող լռելյայն նայել տեղի ունեցող իրադարձություններին: «Մենք էսկալացիա չենք ցանկանում, բայց մենք չենք կարող լուռ կանգնել, երբ կարող է տուժել մեր տնտեսությունը»,-հավելել է Մալմստրյոմը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: