
McDonald՚s-ը պատմության մեջ առաջին անգամ փոխել է լոգոտիպն ի պատիվ Մարտի 8-ի

McDonald՚s արագ սննդի ռեստորանների ցանցը պատմության մեջ առաջին անգամ փոխել է լոգոտիպն ի պատիվ Կանանց միջազգային օրվա: Ընկերությունը շրջել է «M» տառը, որպեսզի ստացվի «W» (women, կանայք): Այս մասին հայտնել է CNN-ը:
Մարտի 7-ին լոգոտիպը շրջել են միայն Կալիֆոռնիայի մի ռեստորանում: Մարտի 8-ին «M»-ի փոխարեն «W» կհայտնվի ցանցի կայքում եւ շարժական հավելվածներում: Բացի դրանից, եւս հարյուր հաստատություններում անձնակազմը գլխարկներ եւ համազգեստ կկրի շրջված լոգոտիպով:
McDonald՚s-ի ղեկավարության անդամ Ուենդի Լյուիսի խոսքով՝ այս որոշումն ընդունվել է «ի պատիվ ամբողջ աշխարհում կանանց արտակարգ նվաճումների»: Ընկերության հայտարարության մեջ նշված է, որ ԱՄՆ-ի ռեստորանների տասը կառավարիչներից վեցը կանայք են:
Ընդհանուր առմամբ McDonald՚s-ի մակնիշի ներքո ավելի քան 36 հազար խորտկարաններ են աշխատում աշխարհի 100-ից ավելի երկրներում: Ամեն օր նրանք սպասարկում են գրեթե 70 միլիոն մարդու: