
24-ամյա երիտասարդը Գուգարքի ամայի դաշտում սեքսուալ գործողություններ է կատարել Չեխիայի 28-ամյա բնակչուհու նկատմամբ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է օտարերկրյա քաղաքացուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
2018թ. մարտի 2-ին Չեխիայի Հանրապետության քաղաքացի հանդիսացող 28-ամյա աղջիկը հաղորդում է տվել առ այն, որ մարտի 1-ին մի երիտասարդ փորձել է բռնությամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարել իր նկատմամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, և ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Լոռու մարզի բնակիչ է՝ ծնված 1994 թվականին:
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ դեպքի օրը՝ ժամը 19։30-ի սահմաններում, օտարերկրացի 28-ամյա աղջիկը Գուգարքում հեծանվով զբոսնելիս մոլորվել է և հայտնվել ամայի դաշտում, որտեղ նրան է մոտեցել մի երիտասարդ և օգտվելով շրջակա տարածքում մարդկանց բացակայությունից՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել աղջկա նկատմամբ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: