Էնդի Ուորհոլի «Վեց ինքնակարը» 31 մլն դոլարով վաճառվել է Լոնդոնի աճուրդում
Ամերիկացի նկարիչ Էնդի Ուորհոլի (1928 – 1987) «Վեց ինքնանկար» կոչվող գործը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում կայացած աճուրդում վաճառվել է 22,6 միլիոն ֆունտ ստեռլինգով (31,3 միլիոն դոլարով): Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Christie՚s աճուրդային տանը, որը մարտի 6-ին կազմակերպել էր հետպատերազմյան եւ արդի արվեստի իրերի աճուրդ։
«Վեց ինքնանկարը», որն Ուորհոլն ստեղծել է 1986 թվականին՝ մահվանից մի քանի ամիս առաջ, դարձավ երեկվա աճուրդի թոփ-լոտը: Վեց տարբերակներում նկարչի դեմքը պատկերված է վարդագույն, բաց-երկնագույն, բաց մանուշակագույն, նարնջագույն, կանաչ եւ կոբալտի գույնի: Աճուրդում երեք գնային ռեկորդ է սահմանվել:
Մարկ Բրեդֆորդի «Փախչող արջը» վաճառվել է 3,8 միլիոն ֆունտ ստեռլինգով (5,3 միլիոն դոլարով), Մարիա Էլենա Վիեյրա դա Սիլվայի «Կրակը»՝ 2 միլիոն ֆունտ ստեռլինգով (2,8 միլիոն դոլարով), Քելլի Ուոքերի «Սեւ աստղ» կտավը՝ 572,8 հազար ֆունտ ստեռլինգով (791,5 հազար դոլարով):