Բաժիններ՝

Ֆրանսիան դժգոհ է Վրաստանի քաղաքացիներից. ԵՄ-ի հետ անայցագիր ռեժիմն սպառնալիքի տա՞կ է

Ֆրանսիան անհանգստացած է 2017 թվականի նոյեմբերից ի վեր Վրաստանից ապաստան հայցողների եւ կազմակերպված հանցավորության աճից: Այդ մասին ասել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մենիեն՝ հանդես գալով Imedi հեռուստաալիքի եթերում: Ավելի վաղ Վրաստանից ապաստան հայցողների աճի առնչությամբ անհանգստություն են հայտնել Գեմանիայում, Իսլանդիայում եւ Շվեդիայում:

«Ֆրանսիայի եւ Գերմանիայի մտահոգության գլխավոր պատճառներից մեկը կազմակերպված հանցավորությունն է, որն աստիճանաբար ավելացել է Եվրոպայի երկրներում: Վրացական կողմը հենց այդ հարցում էր մեզ հավաստիացրել, որ կլուծի խնդիրը, ինչից հետո մենք համաձայնեցինք անայցագիր ռեժիմին»,- նշել է Մենիեն: Այն ժամանակվանից, երբ 2017 թվականի մարտին Եվրամիությունն անայցագիր ռեժիմ է սահմանել Վրաստանի համար, դրանից օգտվել են երկրի 220 հազար քաղաքացիներ:

«Ցավոք, փաստ է, որ նոյեմբեր ամսից խիստ աճել է ապաստան հայցողների թիվը, ինչպես նաեւ այս երկրներում ավելացել է կազմակերպված հանցավորության ներկայացուցիչների թվաքանակը: Եթե այդպես շարունակվի, հնարավոր է՝ որեւէ որոշում ընդունվի: Իհարկե, մենք չենք ցանկանում որոշում ընդունել այս փուլում, քանի որ չենք ցանկանում պատժել այն արժանավոր մարդկանց, որոնց վնասում են կրիմինալի ներկայացուցիչները Եվրոպայի տարածքում»,-ասել է Մենիեն: Նրա խոսքով՝ Ֆրանսիան խնդրում է խստացնել Վրաստանի քաղաքացիների հսկողությունը Եվրոպա մեկնելիս, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս